26/10/2018 12:52
Պետք է միտինգ անենք ու հանրային աջակցության ներքո հանձնե՞նք մեր ազատագրված տարածքները, դա՞ է հակամարտության լուծումը. Վահրամ Բաղդասարյան (Տեսանյութ)
Չեմ կարծում, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները կարող են օգտակար կամ խանգարող հանգամանք լինել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
Լրագրողի խնդրանքով նա անդրադարձավ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի Ջոն Բոլթոնի Երևանում արված այն հայտարարությանը, թե «վարչապետ ընտրվելուց հետո Փաշինյանը կարող է վճռական որոշումներ կայացնել նաև ԼՂ հարցով»։
«Ես դրա հանգուցալուծումը չեմ տեսնում։ Այն տարբերակներին, որոնք քննարկվում են, և′ Արցախի ժողովուրդը, և′ Հայաստանի ժողովուրդը, և′ Ադրբեջանի ժողովուրդը դեմ է, կարծես թե, դրան դեմ են բոլորը։ Ես չեմ պատկերացնում, թե ի՞նչ կարգավորումներ կարող են լինել և ինչպիսի ընդհանուր հայտարար կարող է լինել։ Պետք է մի քիչ ավելի բաց տեքստով խոսեն, թե ի՞նչ պայմանների դեպքում է այդ հանգուցալուծումը պատկերացնում», - ասաց Վահրամ Բաղդասրյանն ՝ ընդգծելով.
«Անկախ ընտրությունների ելքից։ Չեմ կարծում, որ ընտրությունների արդյունքները կարող են օգտակար կամ խանգարող հանգամանք լինել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար»։
Դիտարկմանը, որ հանրային վստահություն վայելող իշխանությանը ավելի հեշտ կլինի լուծում գտնել հարցին, ՀՀԿ խմբակցության ղեկավարն արձագանքեց.
«Այսինքն պե՞տք է հրապարակում միտինգ անենք ու ասենք, որ «սիրելի ժողովուրդ մենք մեր ազատագրված տարածքները հետ ենք վերադարձնում» և հանրային աջակցության ներքո ժողովուրդը պետք է համաձայնի ու հե՞տ վերադարձնենք մեր ազատագրված տարածքները։ Դա՞ եք լուծում պատկերացնում, ես այդպիսի լուծում չեմ պատկերացնում»։
Նա նշեց, որ կա առաջնային խնդիր՝ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման ճանաչման խնդիր, և դրանից հետո կա բանակցային փուլ։
«Թե ինչպիսի պայմաններ կառաջարկվեն բանակցային պրոցեսում, չեմ կարող ասել», - ամփոփեց Վահրամ Բաղդասարյանը։