26/10/2018 11:38
Փաստորեն, ԱՄՆ-ն ասում է՝ Հայաստան, եկեք ձեզ օգնենք, որ Հայաստանը Ադրբեջանի միջոցով ճնշելու ռուսական քաղաքականությանը վերջ տանք. սա բացառիկ է. Շիրինյան
Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը «շատ հետաքրքիր» է գնահատում ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Հայաստան։
«Հետսովետական շրջանում առաջին անգամ ԱՄՆ-ն հայտարարում է, որ Հարավային Կովկասը միայն ռուսական ազդեցության գոտի չէ, երբ հայտարարվում է, որ իրենք ունեն անվտանգության ու այլ հետաքրքրություններ, շահեր Հայաստանում», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Լևոն Շիրինյանը։
Նա նշեց, թե այս հայտարարությունները պետք է գնահատել։
«Բոլթոնի այցի մեջ շատ ավելի կարևոր է այն, որ զենքի մատակարարման առումով, փաստորեն, Միացյալ Նահանգներն ասում են՝ Հայաստան, եկեք ձեզ օգնենք, որպեսզի Հայաստանը Ադրբեջանի միջոցով ճնշելու ռուսական քաղաքականությանը վերջ տանք, սա բացառիկ բան է», - ասաց նա։
Շիրինյանի խոսքով՝ սա նշանակում է Հայաստանը դուրս բերել ռուսական քաղաքականության շրջագծից, որը միշտ Ադրբեջանը դիտել է առաջին պետություն Հայաստանի վրա ճնշելու համար։
«Ռուսաստանն, ինչ մտել է Անդրկովկաս, առաջին օրվանից թաթարներին դիտել է հայ քաղաքակիրթ ժողովրդին կրնկի տակ պահելու համար», - ասաց նա։
Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահը նշեց, թե Բոլթոնի՝ զենքի հետ կապված հայտարարությունը ողջունելի էր։