26/10/2018 12:24
Միջնորդ կողմերը կամ ընդհանրապես որևէ մեկին զենք չպետք է տրամադրեն, կամ տրամադրեն այնպես, որ բալանսը չխախտվի. Ռուստամյան
Ազգային ժողովի «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը չափազանց կարևոր և շատ հեռուն գնացող նպատակներ հետապնդող է համարում ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը տարածաշրջան։
«Ինքներս էլ գիտենք, թե ինչպիսի կարևորագույն աշխարհաքաղաքական նշանակություն ունի այս տարածաշրջանը, և ինչ կատարվում է այստեղ, գերտերությունների անմիջական շահերի դաշտում է», - ասաց Արմեն Ռուստամյանը։
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ից զենք գնելու մասին Բոլթոնի հայտարարությանը, Ռուստամյանն ասաց.
«Այն ակնարկները, որ պարոն Բոլթոնն արեց, իսկական կենսական նշանակություն ունեն թե տարածաշրջանի ապագայի համար, թե Հայաստանի արտաքին քաղաքականությունն իրականացնելու առումով։ Մենք ժամանակին ասում էինք, որ Հայաստանի համար ամենաճիշտ արտաքին քաղաքականությունն այն է, որ նա հասկանալի լինի գերտերությունների մոտ, հստակ լինի, որ Հայաստանը նույն դեմքով և նույն տեսակետով է հանդես գալիս թե՛ Ռուսատանում, թե՛ Բրյուսելում, թե՛ Վաշինգտոնում»։
Պատգամավորն ասաց, թե Հայաստանը պետք է բոլորին ցույց տա, որ իր հարաբերությունները ուղղված չեն որևէ մեկի դեմ, այլ բխում են իր կենսական անհրաժեշտություններից։
«Միջնորդ կողմերը կա՛մ ընդհանրապես որևէ մեկին զենք չպետք է տրամադրեն, կա՛մ պետք է տրամադրեն այնպես, որ բալանսը չխախտվի։ Կարծում եմ, որ այսօր Հայաստանը հետ է ընկել ռազմական զինանոցի կուտակման գործընթացից։ Եթե այդ հայտարարությամբ Բոլթոնը նկատի ունի, որ հավասարակշռության համար Հայաստանը պետք է ունենա նաև այլ զինատեսակներ, իհարկե, դա կարելի է միայն ողջունել», - ասաց ՀՅԴ-ական պատգամավորը։