26/10/2018 12:41
Հայաստանի ծանրորդների հաղթարշավը շարունակվում է
Ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնություններում, Լեհաստանի Զամոսկ քաղաքում, էջմիածինցի Անդրանիկ Կարապետյանը /85 կգ/ պոկել է 176 կգ, հրել 193 կգ և երկամարտի 369 կգ արդյունքով, մինչև 23 տարեկանների մրցաշարում գրավել առաջին տեղն ու նվաճել չեմպիոնի կոչումը, հայտնում են ՀԱՕԿ-ից։
Նա ոսկե մեդալների է արժանացել նաև պոկում և հրում վարժություններում։ Ի դեպ, պոկումում նրա ցույց տված արդյունքը Եվրոպայի մինչև 23 տարեկան ծանրորդների նոր ռեկորդ է:
Անդրանիկի հաջողությունը կրկնել է նրա թիմակից, գյումրեցի Հակոբ Մկրտչյանը /94կգ/: Նա երկամարտի 368 կգ /160կգ +208կգ / արդյունքով հաղթող է ճանաչվել և նույնպես կանգնել պատվո պատվանդանի չեմպիոնական աստիճանին:
Նույն ` 94 կգ քաշային կարգում, բայց մինչև 20 տարեկանների մրցավեճում, արծաթե մեդալակիր է դարձել գյումրեցի Սամվել Բաբակյանը` 361 /165կգ + 196կգ/: Սա մեր 20 տարեկանների հաշվին գրանցված երրորդ արծաթե մեդալն է:
94 կգ–ում էր հայտավորված նաև սամաղարցի Կարեն Ավագյանը: Նա երկամարտի 358 կգ արդյունքով /165կգ + 193 կգ / գրավել է չորրորդ տեղը: Նշենք, որ Կարենը պոկումում արժանացել է բրոնզե մեդալի:
Հոկտեմբերի 26-ին մեր մինչև 23 տարեկաններն ազատ են մրցումներից: 20 տարեկանների աղջիկների պայքարին կմասնակցեն Դիանա Աղաբեկյանը /90 կգ/ և Արփինե Դալալյանը /+90կգ /: Տղաներից մրցահարթակ կելնեն Արսեն Մարտիրոսյանը /105 կգ/ և Վարազդատ Լալայանը /+105կգ /: