27/10/2018 14:35
Քանի դեռ ես վարչապետ եմ, քաղաքականության մեջ բռնության գործադրումը արժանանալու է ամենակոշտ հակազդեցության. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Մարդ սպանելու համար դատապարտված անձ համաներման չպետք է ենթարկվի, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Միևնույն ժամանակ, ըստ նրա, ցմահ դատապարտյալների դեպքում կարող է գործել վաղաժամկետ ազատ արձակելու, պատժաչափերը փոխելու, ներման մեխանիզմները։ Նրա խոսքով՝ ցմահ դատապարտյալների վերաբերյալ քրեական գործերին պետք է անհատական մոտեցում ցուցաբերվի։
«Համաներման վատն այն է, որ այն անհատական մոտեցում չի ցուցաբերում։ Հետևաբար, ես խնդրել եմ, որ ցմահների գործերը հատ-հատ նայեն նորից», - ասաց Փաշինյանը։
Դիտարկմանը, թե հնարավո՞ր է՝ համաներումը վերաբերի Նորքի զինված խմբին, այն դեպքում, երբ վերաբերում է «Սասնա ծռերի» անդամներին, ովքեր զինված հարձակում էին գործել ոստիկանության ՊՊԾ գնդի դեմ, Փաշինյանը արձագանքեց.
«Ես կարծում եմ, որ որևէ պարագայում մարդ սպանած որևէ մարդ Հայաստանի Հանրապետությունում չպետք է համաներման ենթարկվի։ Ես ուզում եմ պայմանավորվել հետևյալի մասին՝ ես ուզում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում բռնությունը բացառվի որպես գործիք։ Իմ դիրքորոշումը շատ հստակ է՝ բռնության գործադրումը քաղաքականության մեջ արժանանալու է ամենակոշտ հակազդեցության, ընդ որում, այս խնդրի հետապնդումը սկսելու է հայտարարությունների, նախապատրաստությունների մակարդակից, էլ չեմ ասում, որ թույլ չպետք է տանք, որ դա հասնի իրագործման մակարդակի։ Համենայնդեպս, քանի դեռ ես Հայաստանի վարչապետն եմ, բռնության գործադրման փորձ քաղաքական պրոցեսների մեջ, արժանանալու է ամենակոշտ, շատ ավելի կոշտ օրինական հակազդեցության»։
Լրագրողը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է փորձ արվում համաներել «Սասնա ծռերին» իրենց բռնի գործողությունների համար, Փաշինյանը վերահաստատեց իր նախկին հայտարարությունը. «Դա արվում է հանրային համերաշխությունը վերականգնելու և իմ ասած սկզբունքի համար մեկնարկային կետ ապահովելու համար»։