27/10/2018 13:52
Ջոն Բոլթոնը չի կարող խոսել իմ անունից. Նիկոլ Փաշինյան
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ոչ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, ոչ էլ որևէ մեկը չեն կարող խոսել իր անունից։
Այդ մասին նա այսօր ասաց լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում Բոլթոնի այն գնահատականին, թե վարչապետ ընտրվելուց հետո Փաշինյանը կարող է վճռական որոշումներ կայացնել նաև ԼՂ հարցով։
«Ամեն մեկը կարող է խոսել իր անունից։ Ջոն Բոլթոնը խոսում է իր անունից, և Ջոն Բոլթոնը, և ընդհանրապես որևէ մեկը չի կարող խոսել իմ անունից», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանն ասաց, որ իր ընտրվելը հնարավորություններ կտա առաջնորդել ղարաբաղյան հիմնախնդիրը, ինչպես նշել է Բոլթոնը։
«Բայց ես ասել եմ, որ չի կարող լինել որևէ լուծում, որը ընդունելի չի լինի Հայաստանի և Արցախի ժողովուրդների և Արցախի իշխանությունների համար», - ասաց Նիկոլ Փաշինյանը։