29/10/2018 11:25
Նուբարաշենի հոգեբուժարանի տնօրեն Նարեկ Վանեսյանն ազատվել է աշխատանքից
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի (նախկինում՝ Նուբարաշենի հոգեբուժարան) տնօրեն Նարեկ Վանեսյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Ինչ տեղի է ունեցել բժշկական համալսարանում, ճանճը փիղ սարքելու օպերացիա էր։ Այդ ամենը սադրանք է եղել իմ անձի դեմ», - ասաց Արսեն Թորոսյանը։
Որոշումը կապված է Մարդու իրավունքների պաշտպանի հաղորդագրության հետ։
Հիշեցնենք, որ Երևանի պետական բժշկական համալսարանում օրերս կայացած միջոցառման ընթացքում միջադեպ է տեղի ունեցել:
Առողջապահական ոլորտի նորանշանակ տնօրեններից մեկը՝ «Հոգեկան առողջության պահպանման կենտրոնի» տնօրեն Նարեկ Վանեսյանը, իրեն պահել է գռեհիկ ու առաջացրել է ներկաների զայրույթը:
Վերջինս միջոցառման ընթացքում պարբերաբար տեղից բարձրաձայն ռեպլիկներ է հնչեցրել, պահել է իրեն ինքնավստահ ու կոնֆլիկտային իրավիճակ է ստեղծել:
Ըստ տեղեկությունների, Նարեկ Վանեսյանն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերն է, և պաշտոնի նշանակվել էր Թորոսյանի նախարար դառնալուց հետո: