29/10/2018 10:26
Վրաստանում կկայանա նախագահի ընտրությունների երկրորդ փուլը
Վրաստանի նախագահի պաշտոնի հավակնորդներից ոչ մեկ պետության ղեկավարի՝ կիրակի կայացած ընտրություններում չի հավաքել առաջին փուլում հաղթելու համար անհրաժեշտ 50 տոկոսից ավելի ձայն, վկայում են ընտրական տեղամասերից ստացված քվեաթերթիկների 99,57 տոկոսի տվյալները, որոնք երկուշաբթի հրապարակել է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
ԿԸՀ-ի ներկայացրած տվյալների համաձայն՝ անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, ում ընտրություններում աջակցում էր իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, հավաքել է ձայների 38,66 տոկոսը, նրա օգտին քվեարկել է մոտ 615 հազար ընտրող:
Երկրորդ փուլում նրա հետ կմրցակցի «Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցությունից թեկնածու Գրիգոլ Վաշաձեն, ով հավաքել է մոտավորապես 600 հազար ձայն կամ 37,7 տոկոսը: Ընտրություններում երրորդ տեղն է զբաղեցրել «Եվրոպական Վրաստան» կուսակցությունից թեկնածու Դավիթ Բաքրաձեն, ում օգտին ձայն է տվել 175 հազար մարդ կամ 10,97 տոկոսը: Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլիի օգտին քվեարկել է ընտրողների 3,76 տոկոսը: Ընտրություններին մասնակցությունը կազմել է 46,74 տոկոս: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Վրաստանում կկայանա դեկտեմբերի 1-ից ոչ ուշ: