29/10/2018 11:53
Որևէ մեկը չի ասում, որ ռեյտինգային համակարգը շատ վատն էր. Գևորգ Կոստանյանն առաջարկեց կողմ քվեարկել ԸՕ բարեփոխումներին
Որևէ մեկը չի ասում, որ ռեյտինգային համակարգը շատ վատն էր, դրա համար ենթակա է փոփոխման, Ազգային ժողովում ասաց ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը։
«Ոչ, պարզապես ռեյտինգային համակարգը կատարել է իր աշխատանքը, ռեյտինգային համակարգը կարող է նաև ապագայում կատարել իր նշանակությունը, բայց հիմա, եթե քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված ընտրվել է համամասնական ընտրական համակարգը, այսինքն՝ որպեսզի մեխանիկորեն մենք խթանենք կուսակցական համակարգի ստեղծմանը, կարծում եմ՝ սա շատ կարևոր որոշում է», - ասաց նա։
Գևորգ Կոստանյանը նշեց, թե հայաստանյան իրականության մեջ, այնուամենայնիվ, քննարկման առարկա դառնում է կուսակցությունը կոնկրետ անձերով պայմանավորված, կուսակցությունը կոնկրետ անձերի մասնակցությունը բացառելու տեսակետից։
«Չկա նման խնդիր, այս համակարգը, այս փոփոխությունները մեզ պետք են, որպեսզի մենք կուսակցական, քաղաքական համակարգը խթանենք», - ասաց նա։
ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ընդգծեց՝ որևէ մկեը չի բացառում, որ հաջորդ ընտրական ցիկլում կարող է նորից անցում կատարվի դեպի մեծամասնականի կամ ռեյտինգայինի։
«Դա բացառված չէ , դա պայմանավորված է լինելու տվյալ պահին երկրում ստեղծված քաղաքական ու կուսակցական համակարգերի զարգացվածության ու կայացվածության աստիճանով», - նշեց Գ. Կոստանյանը։
Նա առաջարկեց կողմ քվեարկել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթին։