29/10/2018 14:48
Եթե մի բան երկու անգամ չի ստացվում, ուրեմն մի բան սխալ է. Արմեն Ռուստամյանը` Ընտրական օրենսգրքի մասին
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը համաձայն չէ պնդման հետ, որ իրենց խմբակցության երկու պատգամավորի բացակայությունն է պատճառ դարձել Ընտրական օրենսգրքի չընդունմանը։
«Մարդիկ պետք է սովորեն իրենց սխալները շտկել, այլ ոչ թե փորձեն դրանք ուրիշներին վերագրել» ,- ասաց նա լրագրողների հետ զրույցում։
Ռուստամյանը նկատեց, որ եթե մի բան երկու անգամ չի ստացվում, դա նշանակում է, որ ինչ-որ բան սխալ է արվել:
«Այո, կոնսենսուս, համախոհություն, որ ասում են, ինչու են ասում, որ գործընթացը տեղի ունենա համախոհությամբ, այդ դեպքում պրոբլեմ չէր առաջանա: Իսկ քանի որ դրած է դեկտեմբեր ամիսը և ամեն ինչ հարմարեցվում է դրան, այսպիսի բաներ պետք է տեղի ունենան: Հիմնական պատճառը թողած, ուրիշ տեղեր են ման գալիս: Ի՞նչ սաբոտաժ, եթե մեր7 հոգուց 5 հոգին կողմ է քվեարկել: Եթե սա սաբոտաժ է համարվում, որ հարյուր տոկոսանոց մասնակցություն չկա, ուրեմն բոլոր այն օրենքները, որտեղ 105 հոգով չեն քվեարկել, սաբոտաժ է եղել: Ակնհայտ է չէ՞, որ սաբոտաժի մեղադրանքը օդից վերցրած է», - շեշտեց նա:
Նա ընդգծեց, որ խնդիրը նախագծի համահեղինակներինն էր. «Թող կազմակերպողները բարի լինեին ամեն ինչ անեին այնպես, որ համոզված լինեին՝ անցնելու էր: Այդ երկու ձայն պակասելը նշանակում էր, որ պետք է բոլորի հետ համախոհությամբ անցներ, ոչ թե համարեին, որ, ուզեն թե չուզեն, պետք է իրենք ապահովեն՝ այն էլ հարյուր տոկոս քվեարկություն: Դաշնակցությունից մեկ հոգի էլ կողմ քվեարկի, դա կնշանակի, որ ՀՅԴ-ն իր տեսակետը հայտնել է: Անպայման պե՞տք է 100 տոկոսանոց լինի մասնակցությունը: Սա ամբողջ աշխարհում ընդունված նորմալ պրակտիկա է», - ասաց Ռուստամյանը։
Դիտարկմանը՝ միշտ ասվում է, որ ՀՅԴ-ն, եթե մի բան անում է, բոլորով միասին են անում ու հենց դա էր պատճառը, որ Աղվան Վարդանյանը վարչապետին դեմ լինելու համար հեռացվեց կուսակցությունից, Ռուստամյանը նկատեց. «Աղվան Վարդանյանը տեսակետ է հայտնել, որը հակառակ է եղել կուսակցության տեսակետին: Դրանք տարբեր բաներ են, այստեղ հակառակ տեսակետ հայտնող չի եղել»:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի նախագիծը կրկին չընդունվեց։ Այն սահմանադրական օրենք էր, որի ընդունման համար անհրաժեշտ էր 63 ձայն, մինչդեռ նախագծին կողմ քվեարկեց 62 պատգամավոր։ ՀՅԴ խմբակցությունից երկու պատգամավոր բացակայում էր։