29/10/2018 19:23
«Ազատ զույգ». Նորա Գրիգորյանի նոր բեմադրությունը ամուսիններին սովորեցնում է չթերագնահատել սեփական կանանց. լուսանկարներ
- Пойми, любимая, с другими женщинами у меня только секс.
- А со мной даже этого секса нет. Ты меня не хочешь.
- Нуу, зато я тебя... уважаю!
Սա դավաճանվող կնոջ ու դավաճանող ամուսնու երկխոսությունն է, որի ականատեսն օրերս եղավ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի հանդիսատեսը:
Իտալացի անկաշկանդ թատերագիր Դարիո Ֆոյի «Ազատ զույգ»-ը Երևանի ռուսական թատրոնի բեմ բարձրացավ երիտասարդ ռեժիսոր Նորա Գրիգորյանի բեմադրությամբ:
Ամուսիններ, որոնց վիճաբանության հիմնական պատճառը ընտանիքի տղամարդու անհավատարմությունն է: Կնոջ միակ ելքը մնում է շանտաժը՝ ինքնասպանություն գործելու սպառնալիքի տեսքով: Ի զարմանս շատերի՝ հարցի լուծումն ուժեղ սեռը գտնում է իրենց ամուսնական հարաբերություններում ազատություն դրսևորելու մեջ:
Ու հենց այստեղ էլ գլուխ են բարձրացնում կնոջ վրեժն ու ինքնավստահությունը. տնային հողաթափերին փոխարինում են բարձրակրկունկ կոշիկները, «խալաթ»-ին՝ գեղեցիկ ու վառ զգեստը: Անխնամ, վիրավորված տանտիկինը միանգամից վերածվում է խնամված կնոջ ու հետևում ամուսնու տված խորհրդին ու օրինակին: Արդյունքում, փոխվում են դերերը, իր լարած թակարդում է հայտնվում ազատ հարաբերությունների ջատագովը…
Հատկանշական է, որ հանդիսատեսը ոչ թե դահլիճից է հետևում պիեսի գործողություններին, այլ հենց բեմից: Ժամանակ առ ժամանակ հադիսատեսն ու դերասանները խոսում են, հանդիսատեսն ակամա գործող հերոս է դառնում:
Ներկայացումն ունի երկու կազմ: Ներգրավված են Մանվել Խաչատրյանը, Հռիփսիմե Նահապետյանը, Սերգեյ Գրիգորյանը, Անի Հակոբյանը, Հայարփի Զուռնաչյանը և այլք: