29/10/2018 14:09
Մեկնարկում է դպրոցական աբոնեմենտային համակարգի ներդրման առաջին՝ թանգարանների փուլը
ՀՀ մշակույթի և ՀՀ կրթության և գիտության նախարարությունների, Dasaran կրթական ծրագրի համագործակցության արդյունքում ստեղծվել է Դպրոցական աբոնեմենտային համակարգը՝ նախատեսված պետական հանրակրթական դպրոցների 1-ից 12-րդ դասարանների աշակերտների և ուսուցիչների համար: Համակարգը ենթադրում է ուսումնական տարվա ընթացքում յուրաքանչյուր աշակերտի և ուսուցչի համար երեք մշակութային հաստատություն մեկ անգամ անվճար մուտք գործելու հնարավորություն:
2018 թվականի նոյեմբերի 1-ին կմեկնարկի ծրագրի առաջին (ոչ էլեկտրոնային)՝ թանգարանների փուլը, որի շրջանակում աշակերտները և ուսուցիչները հնարավորություն կունենան այցելելու իրենց ընտրած թանգարան կամ պատկերասրահ: Թանգարան այցելությունների փուլը կավարտվի 2019 թվականի հունիսին:
Աշակերտների մեծ հոսքով պայմանավորված՝ տեխնիկական դժվարություններից խուսափելու համար անհրաժեշտ է նախապես զանգահարել թանգարանի կամ պատկերասրահի տեղեկատու հեռախոսահամարով և ամրագրել այցի օրն ու ժամը:
Ցանկում ներառված թանգարանները գործում են ՀՀ մշակույթի և ՀՀ կրթության և գիտության նախարարությունների ենթակայությամբ:
Աբոնեմենտային համակարգի երկրորդ փուլը, որը ներառում է թատրոններն ու համերգասրահները, կմեկնարկի 2019 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում:
Նշված մշակութային օջախներ այցից առաջ dasaran.am կայքի միջոցով պետական հանրակրթական դպրոցների աշակերտները և ուսուցիչները հնարավորություն կունենան նախապես ամրագրել իրենց տեղը առցանց համակարգում:
Առաջիկայում նաև կհրապարակվի տեղեկություն «Քո արվեստը դպրոցում» ծրագրի վերաբերյալ: