30/10/2018 12:55
Հայաստանում ոչ մի բան տեղի չի ունեցել, գլոբալ խնդիրները դեռևս մնացել են. Բագրատ Ասատրյան
Տարեսկզբից ունեցել ենք տնտեսական ակտիվության տեմպերի անկում, լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Բագրատ Ասատրյանը։
«Երևույթը կա, առայժմ դրա մակարդակը նախորդ տարվա այս ժամանակահատվածի հետ համեմատ բարձր է։ Բոլորս էլ հասկանում ենք, որ այստեղ քաղաքական և արտաքին գործոններ կան», - ասաց Բագրատ Ասատրյանը։
Նա նաև նշեց, որ հեղափոխության բացասական ազդեցություններն արդեն չեզոքացել են.
«Իսկ այն դրական սպասումները, որ ի հայտ եկան հասարակության մեջ, դեռ չեն ձևավորվել։ Պատճառներից որոշիչն այն անորոշությունն է, որ դեռևս առկա է քաղաքական դաշտում։ Սովորաբար, թե՛ Հայաստանում, թե՛ առհասարակ, այս ժամանակահատվածն աչքի էր ընկնում նրանով, որ ակտիվորեն քննարկվում էին պետբյուջեն, տնտեսական ծրագրերը։ Այսօր, կարծես, դրա մասին ոչ մի տեղ չի խոսվում։ Ցավոք, տնտեսական խնդիրները մղվել են 2-3-րդ պլան»։
Դրական զարգացումների, Բագրատ Ասատրյանի խոսքով, կարելի է սպասել միայն ներքաղաքական որոշակիության ձևավորման պարագայում։
Տնտեսագետի խոսքով՝ տնտեսության ակտիվության դանդաղումը կարող է կապված լինել նաև Ռուսաստանի տնտեսական վիճակով և այնտեղ տեղի ունեցող գործընթացներով։
«Ռուսաստանից հիմնականում բացասական ազդակներ ենք ստանում», - նշեց Բ.Ասատրյանը։
Իսկ Հայաստանում հետհեղափոխական շրջանում, ըստ տնտեսագետի, ոչինչ էլ չի փոխվել։
«Իմ կարծիքով, Հայաստանում ոչ մի բան տեղի չի ունեցել։ Մի բան է, որ ասենք ՃՈ-ն փող չի վերցնում, դա բոլորս ենք տեսնում, մի այլ բան է խոսել կոռուպցիայի երևույթի արմատախիլ անելուց։ Բոլորս էլ հասկանում ենք, որ նման բան չկա։ Գլոբալ խնդիրները դեռևս մնացել են», - ասաց Բագրատ Ասատրյանը։