30/10/2018 18:04
Բակո Սահակյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպմանը վերահաստատել է՝ Արցախը պետք է մասնակցի հակամարտության կարգավորման բոլոր փուլերին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին և նրանց ուղեկցող պաշտոնյաներին:
Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և Արցախի ու Ադրբեջանի սահմաններում տիրող իրավիճակին վերջին զարգացումներին առնչվող հարցեր:
Արցախի Հանրապետության նախագահը վերահաստատել է պաշտոնական Ստեփանակերտի հավատարմությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ վերստին կարևորելով բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման անհրաժեշտությունը և Արցախի մասնակցությունը հակամարտության կարգավորման բոլոր փուլերին:
Բակո Սահակյանը կարևորել է զինադադարի ռեժիմի պահպանմանն ուղղված մեխանիզմների կիրառման անհրաժեշտությունը`այն համարելով տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման առանցքային բաղադրամասերից մեկը: