30/10/2018 15:09
Ցավալի է, որ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների փաթեթը չընդունվեց. Պյոտր Սվիտալսկի (Տեսանյութ)
Ցավալի է, որ ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը երեկ չընդունվեց խորհրդարանի կողմից, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։
«Ցավալի է, քանի որ փոփոխությունների այդ փաթեթը դրական գնահատական էր ստացել նաև Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիքյոյի կողմից։ Որոշ փոփոխություններ ներկայացնում էին նաև այն փոփոխությունները, որոնք առաջարկվել էին Եվրախորհրդի կողմից։ Այնպես որ, մենք կարծում ենք՝ Հայաստանը կորցրեց Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու հնարավորությունը», - ասաց Պյոտր Սվիտալսկին։
Նա նշեց, այնուամենայնիվ, «վաղ թե ուշ Ընտրական օրենսգրքի այդ փոփոխությունները տեղի կունենան»:
«Որովհետև մենք տեսնում ենք, թե կառավարությունն ինչքանով է ներգրավված ժողովրդավարացման գործընթացներում», - ասաց ԵՄ դեսպանը։
Սվիտալսկին նշեց, որ ԸՕ փոփոխությունները Հայաստանի ներքին հարցն են, ու Եվրամիությունը չի միջամտում դրան:
«Պետք է ասեմ, որ այն, ինչ եղավ երեկ, ոչ մի կերպ իր ազդեցությունը չի ունենում մեր հանձնառության վրա՝ աջակցելու գալիք ընտրություններին», - ամփոփեց Պյոտր Սվիտալսկին։