30/10/2018 15:30
Ոչ ոք չի կարող ինչ-որ բան պարտադրել ԼՂ հակամարտության կողմերին. Սվիտալսկին անդրադարձել է Միլսի հայտարարությանը (Տեսանյութ)
Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Եվրամիությունն ունի շատ պարզ ու հստակ մոտեցում՝ ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ջանքերին, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։
«Երեկ համանախագահները Հայաստանում ունեցել են տարբեր հանդիպումներ և մենք շատ ենք գնահատում իրենց ջանքերը։ Եվրամիության համար ակնհայտ է, որ հակամարտության լուծումը պետք է գտնվի հենց կողմերի միջև քննարկումներով։ Մինսկի խմբի համանախագահներն այստեղ միջնորդներ են, բայց ոչ ոք չի կարող պարտադրել ինչ-որ բան կողմերին, քանի որ դա իրենք ինքնուրույն պետք է կարողնան մշակել», - ասաց Սվիտալսկին՝ Aysor.am-ի թղթակցի խնդրանքով անդրադառնալով ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությանն, ըստ որի, «ԼՂ հակամարտության ցանկացած կարգավորում պահանջելու է գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձ»։
«Մենք լավատեսությունը չենք կորցնում ու հուսով ենք, որ մի օր կհասնենք նման իրավիճակի», - ամփոփեց Պյոտր Սվիտալսկին։