30/10/2018 13:42
Գլխավոր խնդիրն անկազմակերպ վիճակն է հենց կառավարության ներսում. Բաբկեն Թունյանը՝ տնտեսական ակտիվության մասին
Հայաստանում տնտեսության ակտիվության թվերն այդքան էլ լավը չեն, բայց այդ թվերի վրա շատ կենտրոնանալ պետք չէ, խնդիրն այն է, թե ինչ էր սպասում հասարակությունը և ինչ է տեսնում այսօր, լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Բաբկեն Թունյանը։
«Երբ ասում ենք, թե հիմա կա ստվերի դեմ պայքար, այդ պայքարն այս տնտեսական ցուցանիշների վրա պետք է արտացոլված լիներ։ Եթե տեսնում ենք 0.2 տոկոս տնտեսական ակտիվության աճ, ապա եթե ստվերի դեմ պայքարը եղել է, այդ թիվն իրականում ավելի բարձր պետք է լիներ, իսկ եթե այսքան է, նշանակում է, որ իրականում տնտեսական ակտիվության աճն ավելի ցածր է», - նշեց Բաբկեն Թունյանը։
Տնտեսագետը նկատեց նաև, թե չպետք է ցուցանիշներից ոչ ողբերգություն սարքել, ոչ էլ ոգևորվել.
«Դրական ցուցանիշներով չպետք է ոգևորվել ու հպարտանալ, որովհետև այս ցուցանիշները դեռևս նախորդ կառավարության իներցիան են, ոչ էլ պետք է մեղադրել ներկա կառավարությանը, որովհետև որոշ օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված, այդպես էլ պետք է լիներ»։
Բաբկեն Թունյանի խոսքով՝ գլխավոր խնդիրն անկազմակերպ վիճակն է հենց կառավարության ներսում։