30/10/2018 14:17
Նոյեմբերի 1-ից խորհրդարանում մեկնարկում են 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկումները
Հայաստանի խորհրդարանում նոյեմբերի 1-ին վարչապետի ընտրության հարցի քննարկումից հետո ԱԺ մշտական հանձնաժողովներում մեկնարկելու են 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկումները, Aysor.am-ը տեղեկանում է ազգային ժողովից։ Խորհրդարանի մշտական հանձնաժողովներում բյուջեի նախագծի քննարկումները կշարունակվեն մինչև նոյեմբերի 8-ը։
Բյուջեի նախագիծը խորհրդարանում կներկայացնեն ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը և ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։
Քննարկմանը հրավիրվելու են նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը, Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը։
Սպասվում է, որ բյուջեի նախագիծը՝ պատգամավորների ներկայացրած առաջարկություններով ու դիտողություններով, վերջնական կքննարկվի նոյեմբերի 13-ին մեկնարկելիք ԱԺ հերթական նիստում։