31/10/2018 13:09
Կառավարությունը մեծ սիրով է համաներում հայտարարում՝ հաշտեցնելու հասարակությանը. Արտակ Զեյնալյան (Տեսանյութ)
Արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը պնդում է, որ հայտարարվող համաներումը ընդգրկուն է և ծավալուն։
«Մենք ունենք համեմատական տեղեկանք՝ 2009, 2011, 2013 և 2018 թվականների ակտերի վերաբերյալ և որևէ մի համաներում, որ իրականացվել է նախկինում, չի համեմատվում այս համաներման ծավալների հետ։ Սա ամենաընդգրկունն է, ամենաընդարձակն է, սա փաստաթղթավորված է», - այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Արտակ Զեյնալյանը։
Նրա խոսքով, սխալ է պատկերացումը, թե արդարադատության նախարարությունը կարող է միջամտել դատարանների կողմից դատական ակտի կայացման հարցում։
«Դատարանի գիտելիքները չունենք, չպետք է ունենանք և չպետք է միջամտենք դատական ակտի կայացման ու արդարադատության իրականացմանը։ Եթե դատարան չենք, չենք կարող լինել անաչառ, դրա համար պետք է դիտարկել այս համաներումը հումանիստական ակտի լույսի ներքո», - նշեց նախարարի պաշտոնակատարը։
Զեյնալյանի խոսքով, համաներումը համընդհանուր կանոնից բացառություն է և կառավարության համար դա ամենևին էլ պարտականություն չէ։
«Կառավարությունը մեծ սիրով է համաներում հայտարարում՝ հաշտեցնելու հասարակությանը, նաև զոհերի անունից է սա իրականացնում, որպեսզի այս ամենը լինի հավասարակշռված, չլինի անարդար զոհերի նկատմամբ», - հայտարարեց Զեյնալյանը։