31/10/2018 17:02
Հայաստանը Doing Business-2019-ի աղյուսակում բարելավել է դիրքը` զբաղեցնելով 41-րդ տեղը
Հայաստանը Doing Business-2019-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 41-րդ տեղը, ասաց Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն՝ ներկայացնելով զեկույցը:
Նա նշեց, որ Հայաստանը բարելավել է իր դիքրերը 6 կետով. անցյալ տարի Հայաստանը զբաղեցնում էր 47-րդ տեղը 190 երկրների շարքում։
Սիլվի Բոսութղոյի խոսքով՝ նախկինում կարևորվում էր սահմանգծից հեռավորության ցուցանիշը, որն այս տարի վերաձևակերպվել է ու անվանվել գործարարությամբ զբաղվելու դյուրինության միավոր։
«Այսինքն՝ այս միավորը գնահատում է երկրի կանոնակարգման արդյունավետությունը՝ 0-ից 100 սանդղակում, որտեղ 0-ն համապատասխանում է ամենացածր կատարողականին, իսկ հարյուրը լավագույնն է», - ասաց նա։
Նա նշեց, թե լավ նորություն ունի. այս տարի Հայաստանը երկու կետով իր դիրքերը բարելավել է՝ նախորդ տարվա 73.31-ից դարձել է 75.37, «ինչը հավաստում է դրական ուղին»:
Սիլվի Բոսութղոն ասաց, թե Հայաստանը դյուրացրել է ընկերությունների հիմնումը՝ հնարավորություն տալով իրավաբանական անձանց գրանցման ժամաանկ կամավոր կերպով գրացնվել որպես ավելացված արժեքի հարկ վճարող։
«Գործնական առումով սա նշանակում է, որ հունվար ամսին ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքով ընկերությունների համար նախատեսվել է կամավոր որպես ԱԱՀ վճարող տարբերակ», - ասաց նա։
Բոսութղոն նշեց, թե այս ամենի հետևանքով հիմա մեկ օրով պակաս ժամանակ է պահանջվում Հայաստանում ընկերություն գրանցելու համար։
«Ավելի կոնկրետ՝ նախորդ տարվա չորս ու կես օրվա փոխարեն հիմա պահանջվում է երեք ու կես օր, ու սրա հետևանքով Հայաստանը ութերորդն է դառնում ամբողջ աշխարհում՝ լավագույն կատարողական դրսևորած երկրների թվում», - ասաց նա։