31/10/2018 11:26
ՀՀ-ում թմրանյութի մաքսազերծում չկա. բերվում են մաքսանենգ ճանապարհով. ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ
2018 թվականը մաքսային իրավախախտումների դեմ պայքարի հարցում եղել է ԱԱԾ և ոստիկանության միջև սերտ համագործակցության տարի, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանը՝ ամփոփելով 2018 թվականի 10 ամիսների տվյալները:
«2018-ի ընթացքում կանխվել է մաքսային իրավախախտումների 126 դեպք, որից 70-ով քրգործ է հարուցվել», - ասաց Վարդանյանը:
Նա ընդգծեց, որ նշյալ ժամանակահատվածում գրանցվել են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության աննախադեպ խմբաքանակներ:
«Հանացագործները փորձել են ՀՀ ներկրել ավելի քան 4 կգ կոկային, մոտ 0.5 կգ հերոին, ավելի քան 3 գրամ մեթադոն, ավելի քան 2 կգ ափիոն, 6 գրամ հաշիշ, ավելի քան 4 կգ մարիխուանա, ինչպես նաև՝ թմրանյութեր պարունակող քաղցրավենիք: Կանխվել են արտահանման մոտ 8 կգ ափիոնի և ավելի քան 13 կգ մետամֆետամինի արտահանման փորձեր», - նկատեց նա:
Վարդանյանը նշեց, որ հայտնաբերվել են նաև փոստային առաքմամբ թմրանյութերի և հոգեմետ նյութերի մաքսանենության փորձեր: Մասնավորապես, փորձ է արվել ԱՄՆ-ից ներմուծել հաշիշի յուղ պարունակող էլեկտրոնային ծխախոտներ, Եվրոպայից՝ հոգեմետ նյութ և թմրանյութ պարունաող դեղահաբեր:
«Հայտնաբերել ենք ավելի քան 22 կգ դեղորայք, որոնցից 3000 դեղահաբը թմրանյութ և հոգմետ դեղ է պարունակում: Ուզում եմ տեղեկացնել մեր բոլոր քաղաքացիներին, որ փոստով ոչ մի տեսակի դեղորայք չի թույլատրվում տեղափոխել», - ասաց Վարդանյանը:
Վերջինս նաև հիշեցրեց, որ ՀՀ-ում թմրանյութի մաքսազերծում չկա, դրանք բերվում են մաքսանենգ ճանապարհով ու քրեորեն պատժելի են: