31/10/2018 15:46
Միքայել Մելքումյանն ու ՀՀ-ում ՌԴ դեսպանը անդրադարձել են ընտրական գործընթացներին և ներքաղաքական կյանքին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքաղաքական հարցերին, ընտրական գործընթացին, տնտեսության զարգացմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը և այլ խնդիրների։
Երկուստեք կարևորվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության բարելավումն ու զարգացումը։
Հյուրի խնդրանքով Միքայել Մելքումյանը ներկայացրել է առաջիկայում նախատեսվող խորհրդարանական ընտրությունների ընթացակարգը, ափսոսանք հայտնել, որ բարեփոխված ՀՀ ընտրական օրենսգիրքը չի ընդունվել, քանի որ, ըստ ԱԺ փոխնախագահի, գործող օրենսգրքի համեմատ՝ այն մի քայլ առաջ է։
Միքայել Մելքումյանը նաև անդրադարձ է կատարել իր գլխավորած՝ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման ու բաշխման համակարգերի գործունեությունը, գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը ուսումնասիրելու նպատակով ստեղծված ՀՀ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, ներկայացրել այդ բնագավառներում առկա մի շարք խնդիրներ։
ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև 2013 թ-ի դեկտեմբերին ստորագրված գազի և էլեկտրաէներգիայի ոլորտում երկուստեք հարաբերությունները կարգավորող միջպետական պայմանագրի մի քանի դրույթներ սահմանափակում են սակագնային քաղաքականության արդյունավետությունը։
ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանը հետաքրքրվել է ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության վերջնական արդյունքով։ Միքայել Մելքումյանը նշել է, որ աշխատանքների ավարտից հետո խորհրդարանին կներկայացվի զեկույց և ամբողջական տեքստը կուղարկվի համապատասխան մարմինների ղեկավարներին։