31/10/2018 09:29
«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանն ԱԺ ընտրություններում ընդգրկվելու է «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակում
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ իր տեղեկություններով` մարտի 1-ի գործով նախկին փաստահավաք խմբի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանն ԱԺ ընտրություններում ընդգրկվելու է «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակում:
Ըստ թերթի աղբյուրների` նրան վերջերս նման առաջարկ է արվել: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմել է Քոչարյանին, որն, ըստ էության, չի հերքել այդ տեղեկությունը:
«Որտեղի՞ց Ձեզ այդ ինֆորմացիան», - հարցրել է նա: Հարցին` ինքը հերքո՞ւմ է այդ լուրը, պարոն Քոչարյանը պատասխանել է. «Չեմ հերքում: Պարզապես ուզում եմ իմանալ, թե որտեղից են լսել այդ մասին, որովհետև նույնիսկ ես այդ մասին չեմ լսել»:
Թերթը նկատում է, որ Քոչարյանը բավական լուրջ դերակատարություն է ունեցել մարտի 1-ի փաստահավաք խմբում, և հիմա ստացվել է այնպես, որ Փաշինյանի իշխանությունը մարտի 1-ի գործի վերաբացումից հետո որպես ուղենշային քարտեզ ընդունեց հենց փաստահավաք խմբի զեկույցները: