31/10/2018 15:24
Ֆուտբոլային կարիերան ավարտելու որոշումն ինձ և՛ հեշտ տրվեց, և՛ դժվար. Ռոբերտ Արզումանյան (տեսանյութ)
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրի «Արցախ»-«Փյունիկ» հանդիպումից առաջ երկու ակումբները հրաժեշտ տվեցին պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան ավարտած Ռոբերտ Արզումանյանին։
Արզումանյանը նշում է՝ մտքով չէր անցել, որ հրաժեշտի խաղ կլինի։
«Բայց հաճելի է, հուզվեցի ինչ-որ մի տեղ ու հիշեցի իմ կարիերան»,- հրաժեշտի հանդիպումից հետո ասաց Ռոբերտ Արզումանյանը։
«Փյունիկ» ակումբը Ռոբերտ Արզումանյանի կարիերայի առաջին թիմն է։ Նշում է՝ ակումբն իր համար կարևոր թիմ է։
Aysor.am-ի հարցին՝ չէ՞ր ցանկանում նոր պատմություն սկսած հավաքականում մի քանի խաղ անկացնելուց հետո միայն ավարտել կարիերան, Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպանն ասաց. «Կարող էի ևս մի քանի տարի խաղալ, բայց ես երկուսուկես տարի չեմ խաղացել, ֆուտբոլի մեջ չեմ եղել, այս որոշումն ինձ և՛ հեշտ տրվեց, և՛ դժվար, բայց չէի ցանկանա երկու ավել խաղ խաղալով ինչ-որ մի բանով ինքնս ինձ բավարարել»։
Հայաստանի հավաքականի նախկին պաշտպանը նշում է՝ Հայաստանի հավաքականի վերջին երկու խաղերը ամբողջությամբ տարբեր խաղեր էին։
«Բայց վերջին խաղը մեզ հույս տվեց, որ կարող ենք լավ արդյունքներ գրանցել, աճ արձանագրել ու ինչ-որ հաջողությունների հասնել», - ասաց նա։
Արզումանյանն, ի դեպ, ֆուտբոլի ֆեդերացիայում աշխատանքի է անցել։ Aysor.am-ի հարցին ի պատասխան՝ նա ասաց, թե ղեկավարում է ՀՖՖ-ի սկաուտական բաժինը:
«Մեր հայ ֆուտբոլիստներով պետք է զբաղվեմ Հայաստանում, նաև ֆուտբոլիստներով, որոնք խաղում են արտասահմանում։ Նրանց պետք է կարողանանք բերել մեր տարբեր տարիքայինների հավաքականներ, որոնք կուժեղացնեն մեր հավաքականները ու լավ ֆուտբոլիստներ կդառնան Հայաստանի համար», - ասաց Ռոբերտ Արզումանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։