01/11/2018 18:25
Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է փոխանակել երկու կողմում պահվող գերիներին ու ձերբակալվածներին՝ «բոլորին բոլորի հետ» սկզբունքով
Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է փոխանակել երկու կողմում պահվող գերիներին ու ձերբակալվածներին՝ «բոլորին բոլորի հետ» սկզբունքով, «Ինտերֆաքս-Ադրբեջանին» այդ մասին ասել է աղբյուրը։
«Հայկական կողմին պաշտոնական առաջարկություն է արվել փոխանակել երկու կողմում պահվող անձանց «բոլորին բոլորի հետ» սկզբունքով, բայց Երևանից դեռևս չեն արձագանքել դրան», - ասել է գործակալության զրուցակիցը։
«Ինտերֆաքս-Ադրբեջանը» նշում է, որ Ադրբեջանում պահվում է ՀՀ 3 քաղաքացի՝ Արսեն Բաղդասարյանը, Կարեն Ղազարյանը և Զավեն Կարապետյանը։
Հայկական կողմում պահվում են ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը, ովքեր 2014թ. հուլիսին ԼՂՀ պետական սահմանն ապօրինի հատելու, լրտեսության, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու և սպանության համար նույն տարվա դեկտեմբերի 29-ին ԼՂՀ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել են համապատասխանաբար ցմահ և 22 տարվա ազատազրկման:
«Ինտերֆաքս-Ադրբեջանը» նշում է, որ հայկական կողմում է ևս մեկ Ադրբեջանի քաղաքացի՝ Էլնուր Հուսեյնզադեն։