01/11/2018 18:46
Ստեփանակերտը «շանտաժ» է որակում Բաքվի առաջարկությունը գերիներին ու ձերբակալվածներին «բոլորին բոլորի հետ» սկզբունքով փոխանակելու վերաբերյալ
Հանցագործություն, ահաբեկչություն կատարած ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին ու Շահբազ Գուլիևին ո՛չ բարոյապես, ո՛չ իրավական տեսանկյունից չի կարելի նույն հարթության մեջ դիտարկել պատահաբար Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացիների հետ, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն՝ անդրադառնալով «Ինտերֆաքս-Ադրբեջանի» հրապարակմանը, ըստ որի Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է փոխանակել գերիներին ու ձերբակալվածներին «բոլորին բոլորի հետ» սկզբունքով։
Գործակալությունը տեղեկությունը հրապարակել էր՝ հղում անելով աղբյուրին։
«Նախ տեղեկատվության հավաստիության վերաբերյալ չեմ կարող ասել, համենայնդեպս, Արցախին, Ստեփանակերտին նման դիմում, առաջարկ չի եղել», - ասաց Դավիթ Բաբայանը՝ շարունակելով.
«Իսկ եթե խոսքը վերաբերում է Գուլիևին և Ասքերովին, ապա այդ մարդիկ մարդասպաններ ու ահաբեկիչներ են, իսկ ադրբեջանական կողմում գտնվող մարդիկ պատահական մարդիկ են, ում Ադրբեջանը պարտավոր է բաց թողնել՝ ըստ միջազգային նորմերի և օրենքների»։
Նա ընդգծեց՝ չի կարելի մեկ հարթության մեջ դիտարկել ԼՂՀ սահմանն ապօրինի հատած, առևանգում, սպանություն ու սպանության փորձ կատարած Ադրբեջանի քաղաքացիներ Գուլիևին ու Ասկերովին և Ադրբեջանի տարածքում պատահաբար հայտնված ՀՀ քաղաքացիներին։
«Ինչպե՞ս կարելի է ահաբեկչին, մարդասպանին փոխանակել անմեղ մարդու հետ։ Սա բարոյական կողմն է, իսկ իրավական տեսանկյունից այդ մարդիկ մարդասպաններ են, որոնք դատապարտվել են հանցանք կատարելու համար և փոխանակե՞լ անմեղ մարդկանց հետ, ում Ադրբեջանը պարտավոր է բաց թողնել...Սա ոչ թե առաջարկություն է, այլ՝ պարզապես շանտաժ», - ասաց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը։
Նշենք, որ Ադրբեջանում պահվում է ՀՀ 3 քաղաքացի՝ Արսեն Բաղդասարյանը, Կարեն Ղազարյանը և Զավեն Կարապետյանը։
Հայկական կողում ևս Ադրբեջանի 3 քաղաքացի կա։ Երկուսը՝ ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը, 2014թ. հուլիսին ԼՂՀ պետական սահմանն ապօրինի հատելու, լրտեսության, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու և սպանության համար նույն տարվա դեկտեմբերի 29-ին ԼՂՀ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել են համապատասխանաբար ցմահ և 22 տարվա ազատազրկման:
Ադրբեջանի 3-րդ քաղաքացին զինծառայող Էլնուր Հուսեյնզադեն է, ով 2017թ. փետրվարին գերեվարվել է Պաշտպանության բանակի կողմից՝ ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն ներթափանցման փորձը կասեցնելու ընթացքում։