01/11/2018 11:40
Բանակի ներգրավվածությունը Մարտի 1-ի դեպքերին առավել քան հիմնավոր է. ՀՔԾ պետ (Տեսանյութ)
Հետախուզումը ոչ միայն անձի գտնվելու վայրը պարզելն է, այլ ենթադրում է նաև հետախուզվողին վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելը, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ անդրադառնալով 2008 թ. մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզմանը:
«Այսինքն, միայն վայրը հայտնի լինելը չի նշանակում, որ նրա նկատմամբ չի կարող հետախուզում հայտարարվել։ Նա այս տարի հուլիսին է լքել հանրապետության տարածքը», - ասաց Ս.Խաչատրյանը:
Նրա խոսքով, հարցաքննությունը չի կարող լինել ինքնանպատակ. այն պետք է ունենա որոշակի արդյունավետություն։
«Այսինքն՝ անձը կանչվում է հարցաքննության, երբ նրան ունենք տրվելիք որոշ հարցեր և որոշակի հանգամանքների շուրջ նա պետք է հարցաքննվի։ Այս հանգամանքները, որոնք հիմա են հայտնի դարձել, հայտնի չէին հուլիսին, երբ նա դեռևս հանրապետությունում էր», - ասաց Ս.Խաչատրյանը:
Նա ընդգծեց, որ բանակի ներգրավվածությունը Մարտի 1-ի դեպքերին առավել քան հիմնավոր է. «առանց սրա էլ հիմնավոր էր»։
«Չեմ կարող ասել՝ բոլոր 1000 պարկուճներն էլ բանակի զենքերն են եղել, թե ոչ։ Բայց մեր ունեցած ապացույցները փաստում են, որ իրեղեն ապացույց հանդիսացող առնվազն 1000 պարկուճներ փոխարինվել են ներքին զորքերի սպառազինության մեջ գտնվող հրազեններից կրակված պարկուճներով», - ասաց Ս.Խաչատրյանը: