01/11/2018 12:26
Հենց որոշենք, որ բավարար ապացույցներ կան Քոչարյանի մեղադրանքը լրացնելու՝ կիմանաք. ՀՔԾ պետ (Տեսանյութ)
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը չի բացառում, որ 2008թ. Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի ղեկավարությամբ ապացույցների կեղծման վերաբերյալ փաստացի ապացույցների արդյունքում, հնարավոր է, որոշում կայացվի լրացնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը։
Այս մասին նա ասաց այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում։
«Հենց որոշենք, որ բավարար ապացույցներ կան Քոչարյանի մեղադրանքը փոփոխելու, լրացնելու, դուք կիմանաք», - ասաց ՀՔԾ պետը լրագրողների հարցին ի պատասխան։
«Եկեք պարզապես տրամաբանենք. Ռոբերտ Քոչրայանն ասում էր, որ բանակը ներգրավված չի եղել, չի կրակել։
Հետո, երբ պարզեցինք, որ ներգրավված է եղել, հնչում էին կարծիքներ, որ լավ՝ ներգրավված է եղել, մնացել է զորանոցներում, չի կրակել։ Հետո, մենք հիմնավորեցինք, որ բանակը կրակել է։ Այս բացահայտումներն արդեն խոսում են, որ բանակի կրակված պարկուճները կեղծվել են։ Իրականում շատ նշանակալի եմ գնահատում այս բացահայտումը, որովհետև դրանով փորձ է արվել ամբողոջությամբ կոծկել իրական հանգամանքներն ու գործի ողնաշարը կոտրել», - ասաց Սասուն Խաչատրյանը։
Հատուկ քննչական ծառայության պետը չմեկնաբանեց՝ արդյոք գործով մեղադրանք առաջադրվելու է պաշտանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին.
«Ասել եմ՝ չեմ մեկնաբանելու՝ ում, երբ, ինչ մեղադրանք է առաջադրվելու»։