01/11/2018 12:23
25 տարի բեմում. կայացել է «Փարոս» կամերային երգչախմբի հոբելյանական համերգը
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում կայացել է «Փարոս» կամերային երգչախմբի հոբելյանական համերգը: Իր տեսակի մեջ եզակի` ներառական այս երգչախումբը, որի երգիչների մեծ մասը հաշմանդամություն ունեցող՝ այդ թվում սայլակավոր մարդիկ են, անցել է ստեղծագործական կայացման երկար ուղի: Խումբը ստեղծվել է 25 տարի առաջ` Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոնում: Այն սահմանել է կարևոր նպատակ. ապահովել հոգեբանական ռեաբիլիտացիա՝ սայլակի օգնությամբ տեղաշարժվող անձանց համար: «Ունիսոն» հասարակական կազմակերպությանը կից գործող «Փարոսն» արդեն հանրության մեծ ճանաչման արժանացած երգչախումբ է:
«Երգչախմբի առաքելությունն է ոչ միայն պատվով ներկայացնել մեր մշակույթը, այլև լինե-լով ակտիվ, անկախ և արժանավայել կյանքի փարոս ու ջատագով՝ օրինակ ծառայել Հայաստանում ապրող հաշմանդամություն ունեցող անձանց: Այդ նպա¬տակների իրաց¬մանը մեծապես նպաստել են մեզ աջակցողները։ Պատահական չէ, որ 2011թ.-ից սկսած, երբ երգչախմբի գլխավոր գործընկերոջ դերը ստանձնեց ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «Փարոսը» գրանցեց աննախադեպ ստեղծագործական աճ, դարձավ միջազգային հեղինա¬կավոր մրցույթների դափնեկիր և նվաճեց բազմաթիվ պարգևներ ու մեդալներ», - ասել է «Ունիսոն» ՀԿ և «Փարոս» կամերային երգչախմբի տնօրեն Արմեն Ալավերդյանը։
«Կյանքը մարտահրավեր է. գեղեցիկ ապրելու, դժվարություններ հաղթահարելու, ստեղծելու, նպատակներ սահմանելու և դրանք իրականացնելու «շղթա»: Այս բեմում նման սկզբունքով առաջնորդվող մարդիկ են: Նրանք ոչ միայն չեն ընկրկել կյանքի բերումով ստեղծված դժվարությունների առաջ, այլև գտել են խնդիրները հաղթահարելու յուրահատուկ միջոց՝ երաժշտության լեզուն: Այն կամքը, որը տարիներ շարունակ դրսևորում է երգչախմբի յուրաքանչյուր անդամ, կյանքն իրապես սիրող, ուժեղ մարդու մոտեցում է: Երգչախմբի 25-ամյա ձեռքբերումները կարևոր են և հուսամ՝ շարունակական: Մեր գործընկերությունը շարունակվելու է նաև հաջորդ տարի», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Փարոսը» թողարկել է 5 ձայներիզ, ելույթներով հանդես է եկել Հայաստանի, Արցախի և արտերկրի բեմերում (Լիբանան, Վրաստան, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Ֆրանսիա, Ավստրիա, Սլովակիա, Լատվիա, Ռուսաստան)։
Հոբելյանական համերգի կայացմանն աջակցել են ՀՀ մշակույթի նախարարությունը և «Փարոս» հիմնադրամը: Ծրագրում ընդգրկվել են Ա.Խաչատրյանի, Ա.Վիվալդիի, Ջ.Վերդիի, Կ.Օրֆի և Խ.Ավետիսյանի ստեղծագործությունները։ «Փարոս» երգչախմբի հետ ներկայացել են նաև Օպերայի և բալետի թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը և երգչախումբը, ինչպես նաև «Նարեկացի» նվագախումբը։
«Փարոս» կամերային երգչախմբի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է: Երգչախմբին մշտական աջակցություն են ցուցաբերել նաև «Փարոս» հիմնադրամը, Քուլհանջյան - Շտրաուխ ընտանիքը (ԱՄՆ) և Հայկական Կարմիր Խաչի «Գրացիա» միջազգային հետվնասվածքային վերականգնողական կենտրոնը: