01/11/2018 14:30
«Թոփ մոդել ԱՊՀ-2018» գեղեցկության մրցույթին Հայաստանը կներկայացնի 3 մոդել
Հայաստանում հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 5-ն անցկացվող «Թոփ մոդել ԱՊՀ-2018» գեղեցկության միջազգային մրցույթին մեր երկիրը կներկայացնի 3 մոդել: Մեծամասշտաբ այս միջոցառմանը Հայաստանը ներկայացնելու պատիվը վստահված է Եվա Բաղդասարյանին, Վիկտորյա Մարգարյանին և Տինա Հայրապետյանին:
Իրադարձությանը մասնակցելու համար արդեն իսկ Հայաստանում են 30 պրոֆեսիոնալ մոդել ԱՊՀ և նախկին ԽՍՀՄ տարածքից, ինչպես նաև՝ Արևելյան Եվրոպայից:
Մասնակիցները, բացի բուն մրցույթից, նաև հնարավորություն են ստանում մասնակցելու վարպետության դասերի, բացահայտելու Հայաստանն՝ այցելելով տարբեր տեսարժան վայրեր և մշակութային օջախներ:
«Թոփ մոդել ԱՊՀ- 2018» մրցույթի եզրափակիչը տեղի կունենա նոյեմբերի 4-ին՝ Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Նշենք, որ միջոցառումը նվիրված է Երևանի 2800-ամյակին:
Միջազգային ստուգատեսի ժյուրիի կազմում կլինեն փորձառու մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից:
Երեկոյի հատուկ հյուրերն են երգչուհիներ Բուկատարան, Մյատան և Ջուսը:
«Թոփ մոդել ԱՊՀ-2018» գեղեցկության մրցույթի հաղթողը կճանաչվի ԱՊՀ լավագույն թոփ մոդել ու կստանա լավագույն միջազգային մրցույթներին մասնակցելու իրավունք, թանկարժեք թագ, գումարային պարգև, ճանապարհորդական ուղեգրեր, նվերներ միջոցառման բազմաթիվ գործընկերների կողմից, ինչպես նաև ճանաչված և առաջադեմ գովազդային գործակալությունների գովազդներին և նորաձևության ցուցադրություններին մասնակցելու հնարավորություն:
Եզրափակիչ փուլի ընթացքում համալիրի բեմը հագեցած կլինի ժամանակակից դեկորացիաներով և լուսաձայնային բացառիկ տեխնիկայով՝ կահավորված Մոսկվայից ժամանած բարձրակարգ մասնագետների կողմից: