01/11/2018 14:50
ՀՖՖ-ն հրաժեշտի խաղ կկազմակերպի Ռոբերտ Արզումանյանի համար
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նախատեսում է հրաժեշտի խաղ կազմակերպել Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանի պատվին, որն ավարտել է պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան։
«Հրաժեշտի խաղ կամ միջոցառում անելու գաղափար կա, խնդիրն այն է, որ այս տարի Երևանում կայանալիք խաղ չկա։ Հրաժեշտի խաղը, թերևս, կկազամկերպվի մյուս տարի», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՖՖ հասարակության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Հայկ Կարապետյանը։
Նա նշեց` երբ խաղերի ժամանակացույցը կլինի, ըստ այդմ էլ, կորոշվի, թե երբ կլինի հավաքականի ու երկրպագուների հրաժեշտը Արզումանյանին։
Նշենք, որ հրաժեշտի խաղը պետք է կազմակերպվի ընկերական հանդիպման ժամանակ։
Հիշեցնենք՝ երեկ Ռոբերտ Արզումանյանին հրաժեշտ տվեցին նրա առաջին՝ «Փյունիկ» և վերջին՝ «Արցախ» ֆուտբոլային ակումբները։