02/11/2018 12:14
Դավիթ Տոնոյանը Լիբանանում գործընկերոջ հետ ստորագրել է Ռազմական համագործակցության մասին համաձայնագիր
Նոյեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով ժամանեց Լիբանանի Հանրապետություն, տեղեկացնում է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Օդանավակայանում Դավիթ Տոնոյանին դիմավորեց Լիբանանի պաշտպանության նախարար Յաքուբ Սարրաֆը։ Երկու բարեկամ երկրների պաշտպանության նախարարները ողջունելով իրար՝ ունեցան կարճ քննարկում։
Նոյեմբերի 2-ին առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելեց Լիբանանի Հանրապետության պաշտպանության նախարարություն։ Պատվո պահակախմբի ողջույնից հետո Դավիթ Տոնոյանը ծաղկեպսակ դրեց Լիբանանի նահատակված զինվորների հուշարձանին և վառեց անմար կրակը։ Այնուհետև երկու նախարարները ունեցան աշխատանքային հանդիպում։
Քննարկվեցին համագործակցության համատեղ ծրագրեր տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։ Հանդիպման ավարտին երկու նախարարները ստորագրեցին Ռազմական համագործակցության մասին համաձայնագիր։
Լիբանանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից Դավիթ Տոնոյանը մեկնեց հայ խաղաղապահների տեղակայման վայր։