02/11/2018 12:09
ՊԵԿ-ը պետք է ինքնամաքրվի ներսից. Դավիթ Անանյան
Պետք է այնպես անենք, որ հարկ վճարելը ոչ թե հայրենասիրական ակտ ընկալվի, այլ՝ նորմալ երևույթ, որը մեր առօրյա պարտավորություններից մեկն է, ԱԺ-ում 2019 թվականի պետբյուջեի քննարկումների ժամանակ ասաց ՊԵԿ նախագահի պաշտոնակատար Դավիթ Անանյանը:
«2019-ին ստուգումների ծավալն իջեցնելու ենք: Հսկողական գործառույթ ասելով՝ հասկանալու ենք օնլայն աշխատանքի ավելացում, վերլուծական բաժինների կարողություններն ենք զարգացնելու, ստուգողների քանակը պետք է կրճատենք», - ասաց Անանյանը:
ՊԵԿ պաշտոնակատարի խոսքով՝ նախ պետք է կառույցն ինքնամաքրվի ներսից:
«Մենք նախ ինքներս ենք մաքրվելու: Արմատական փոփոխություններ ենք կատարելու: Մեր այն ընկերները, ովքեր 20 տարուց ավելի աշխատել են և արդեն նոր աշխատանք ստեղծելու և իրենց փոձը փոխանցելու կարողություն չունեն, իրենց պետք է առոք-փառոք ուղարկենք տուն: Իսկ մարդիկ, ովքեր 10 տարվա աշխատանքային փորձ ունեն և այդ փորձը փոխանցելու ունակություն, ապա նրանց կպահենք», - ասաց ՊԵԿ նախագահի պաշտոնակատարը: