02/11/2018 14:00
Դատավորի պատասխանները բավարարել են Քննիչ հանձնաժողովին
Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած Քննիչ հանձնաժողովի նիստում պատգամավորները լսել են ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման գործով անցնող դատավոր Վաչե Մարգարյանին։
«Մենք ավարտեցինք հարցի քննարկումը և ինքը դուրս եկավ, գնաց», - այսօր հանձնաժողովի նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը։
Անդրադառնալով հանձնաժողովի հետագա նիստին հրավիրվելիք մյուս պաշտոնյաներին՝ Կոստանյանն ասաց, որ այն բոլոր պաշտոնյաները, ովքեր առնչվում են այդ քրեական գործին, հրավիրվելու են հանձնաժողով։
«Անխտիր բոլորը հրավիրվելու են։ Հրավիրված անձի բացատրությունն ինքնին դեռևս սպառիչ չէ և երբ դատավորին հրավիրում ես, ինքը ներկայացնում է հարցերի պատասխանները, քննության այլ փուլում, այլ անձանց բացատրությունների հիման վրա հնարավոր է անհրաժեշտություն առաջանա մի քանի անգամ ևս հրավիրել նույն անձին։ Սա ընթացիկ պրոցես է։ Մենք այս պահին դատավորին առնչվող հարցերի պատասխանները ստացանք սպառիչ, բայց դա չի նշանակում, որ դրանով ավարտվեց դատավորի հետ կապված գործընթացը», - ասաց Կոստանյանը։
Հարցին, թե համոզի՞չ էին դատավորի պատասխանները հանձնաժողովի անդամների և իր՝ Կոստանյանի համար, հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Բավարար էին»։
Հարցին, թե դատավորը համոզե՞ց, որ չի խոսել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ, Կոստանյանը պատասխանեց, որ ինքն իրավասու չէ գործի բովանդակության վերաբերյալ որևէ տվյալ ներկայացնել։
«Լավ կլիներ, որ դուք ձեռնպահ մնայիք բովանդակության վերաբերյալ թե ինձ, թե հանձնաժողովի մյուս անդամներին որևէ հարց տալուց», - հավելեց Կոստանյանը։
Հանձնաժողովի լիազորությունների ժամկետն ավարտվում է նոյեմբերի 12-ին, և Կոստանյանը չբացառեց, որ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը երկարացվի, որպեսզի հասցնեն լսել գործին առնչվող բոլոր պաշտոնյաներին։
Նկատենք՝ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսված հայտնի հեռախոսազրույցում դատավոր Վաչե Մարգարյանին առնչվող հատվածում Վանեցյանը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին ասում էր. «Ինձ դատավորը զանգեց, դե մի քիչ վախեցած ա, ասեցի՝ մի հատ նայի սաղ գործը, Հրաչ, հա՞, Հրաչ ա անո՞ւնը... Մի խոսքով՝ դատավորը, ով որ պտի կալանքը տա, ասել եմ՝ դուխով: Ասեց՝ մի հատ գործը նայեմ, պարոն Վանեցյան, զանգեմ զեկուցեմ, էս անեմ, էն անեմ... Ասի՝ նայի, ասի՝ նայի հիմքերը, կզանգես, կնայեմ, բայց կալանքը ուզես-չուզես պտի տաս»։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ խոսքը Ռոբերտ Քոչարյանի կալանքի միջնորդությունը ընդհանուր իրավասության դատարանում քննած դատավոր Վաչե Մարգարյանի մասին է: Սակայն նա տարածել էր հայտարարություն՝ տեղեկացնելով, որ ինքը Արթուր Վանեցյանի հետ ընդհանրապես չի խոսել:
Քննիչ հանձնաժողովը ստեղծվել էր սեպտեմբերի 13-ին և լիազորված է իր տրամադրության տակ ունենալ, ուսումնասիրել նախաքննական գաղտնիք համարվող բոլոր փաստերը: ԱԺ կանոնակարգ օրենքը թույլ է տալիս հանձնաժողովին տիրանալ նախաքննական գաղտնիք համարվող փաստերին եւ ուսումնասիրել: Հանձնաժողովի անդամներ են՝ ՀՀԿ-ականներ՝ Գևորգ Կոստանյանը, Արփինե Հովհաննիսյանը, Ռուստամ Մախմուդյանը, Կորյուն Նահապետյանը և Ալիկ Սարգսյանը, ԲՀԿ-ից` Վահե Էնֆիաջյանը, Սերգեյ Բագրատյանը, Գևորգ Պետրոսյանը, ԵԼՔ-ից` Ալեն Սիմոնյանը, Հովիկ Աղազարյանը և ՀՅԴ-ից՝ Սպարտակ Սեյրանյանը: