02/11/2018 15:17
Նոր Ազգային ժողովի առաջին նիստը կարող է տեղի ունենալ դեկտեմբերի 31-ին
Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում ձևավորվելիք նոր խորհրդարանի առաջին նիստը կարող է տեղի ունենալ դեկտեմբերի 31-ին։
Այսպես, ՀՀ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի համաձայն, Ազգային ժողովի արտահերթ ընտրության դեպքերում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը՝ ժամը 10:00-ին։ Դրա մասին հայտարարում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:
Ընտրությունները, ինչպես հայտնի է, կայանալու են դեկտեմբերի 9-ին։ Ընտրական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո` 7-րդ օրը՝ այսինքն դեկտեմբերի 16-ին հիմք ընդունելով ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, կազմում է արձանագրություն քվեարկության վերջնական արդյունքների վերաբերյալ:
Այսինքն՝ դեկտեմբերի 16-ին (կիրակի) հրապարակվում են ընտրությունների վերջնական արդյունքները, որին հաջորդած երկրորդ երկուշաբթի օրը հենց դեկտեմբերի 31-ն է։
Սակայն սա կարող է լինել այն դեպքում, եթե ընտրությունների արդյունքները չբողոքարկվեն և վերահաշվարկի պահանջ մասնակից քաղաքական ուժերի կողմից չներկայացվի։ Այդ դեպքում խորհրդարանի անդրանիկ նստաշրջանի օրը կարող է հետաձգվել։