02/11/2018 12:36
Վահագն Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանքը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը այսօր որոշեց բավարարել քննիչի միջնորդությունը և երկու ամսով կալանավորել Մարտի 1-ի գործով քննչական նախկին խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին, այդ մասին Aysor.am-ին տեղեկացրեց Հարությունյանի փաստաբան Միհրան Պողոսյանը։
«Դատարանը ցույց տվեց, որ իր վրա ճնշում է գործադրվել։ Շատ բացասական որոշում էր», - նշեց Պողոսյանը՝ ընդգծելով, որ քննիչի կողմից ներկայացված կալանքի միջնորդությունը անհիմն էր, և դատարանն էլ բավարարել է անհիմն որոշումը։
Փաստաբանը տեղեկացրեց նաև, որ պատրաստվում են բողոքարկել կալանքի միջնորդությունը բավարարելու մասին որոշումը։ Բացի այդ, նրա փոխանցմամբ, արդեն իսկ գլխավոր դատախազին են բողոքարկել ՀՔԾ քննիչի որոշումը՝ Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին։
Հիշեցնենք՝ Վահագն Հարությունյանը մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար: Հարությունյանն այժմ Մոսկվայում է և սրտի հետ կապված խնդիրները լուծելու համար բուժման կուրս է անցնում։
Նա Aysor.am-ին տված հարցազրույցում իրեն առաջադրված մեղադրանքը և իր նկատմամբ հայտարարված հետախուզումը համարել էր ապօրինի։ Հարությունյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ հարցաքննության կանչելու մասին ծանուցումը ստանալուն պես, իր որդին տեղյակ է պահել իրեն և ինքն էլ Մոսկվայից կապ է հաստատել ՀՔԾ քննիչի հետ և մատնանշել իր բնակության վայրի հասցեն։ Բայց միևնույն է, ՀՔԾ քննիչը որոշել է իրեն առաջադրել մեղադրանք և հայտարարել հետախուզում։