02/11/2018 16:52
Թեկնածուներ Հայաստանը ունի. ԱԳ նախարարը՝ ՀԱՊԿ քարտուղար առաջադրելու մասին
Բավարար ռեսուրս ունենք Հայաստանում, կարող ենք թեկնածու ունենալ, որը կկարողանա իրականացնել այդ գործառույթները, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտողարի պաշտոնում կրկին հայազգի ներկայացուցիչ առաջադրելուն:
«Հայաստանը կարողացավ պահպանել առաջադրման իրավունքը: Դա հիմա օրակարգում է: Վստահ ենք, որ կարող ենք այդ գործառույթը իրականացնել, եթե որոշենք առաջադրել, ապա մենք բավարար ռեսուրս ունենք Հայաստանում, որ կարող ենք թեկնածու ունենալ, որը կկարողանա իրականացնել այդ գործառույթները», - ասաց նախարարի պաշտոնակատարը:
Նա չմանրասնեց, թե ովքեր են պոտենցիալ թեկնածուները՝ նշելով. «Թեկնածուներ Հայաստանը ունի, որոնք մեր գնահատմամբ կարող են և կպահպանեն կազմակերպության քարտուղարության բնականոն, նորմալ աշխատանքը», - ասաց նա:
Դիտարկմանը՝ արդյոք ՀՀ-ն շահագրգիռ է թեկնածու առաջադրել, Մնացականյանն ասաց.
«Շահագրգիռ ենք, որ ՀԱՊԿ-ը որպես կազմակերպություն շարունակի մնալ շահավետ: Մենք կարո՞ղ ենք այդ գործառույթը իրականացնել, վստահ եմ՝ կարող ենք»: