02/11/2018 12:07
Երևանում անցկացվել է ռուսական շաշկու Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնությունը (Լուսանկարներ)
Երևանի մարզատրամաբանական խաղերի մարզադպրոցում հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 1-ը տեղի ունեցավ ռուսական շաշկու Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնությունը: Ստուգատեսին մասնակցել է հիսուն մարդ:
Աղջիկների մրցույթին հանդես են եկել 14 աղջիկներ: Երկրորդ տարին անընդմեջ հաղթող ճանաչվեց Մարիամ Պետրոսյանը (64 դպրոցի սան, մարզիչ՝ Նշան Ալավերդյան): 2-րդ տեղը գրավեց Երևան քաղաքի չեմպիոնուհի Վիկտորիա Իսախանյանը (64-րդ դպրոցի սան, մարզիչ` Դավիթ Պողոսյան): Մրցանակային եռյակը եզրափակեց Նանե Սարուխանյանը, մասնակցելով առաջին անգամ (Ուսում դպրոցի սան, մարզիչ` Նշան Ալավերդյան): Մասնակիցները նաև լրացրեցին տարբեր մարզական կարգեր:
Մինչև 10 տարեկանների խմբում հաղթող ճանաչվեց աղջիկների Հայաստանի փոխչեմպիոն Վիկտորիա Իսախանյանը, 2-րդ տեղը գրավեց Դավիթ Իսախանյանը և 3-րդ տեղը զբաղեցրեց Շավոյան Էրիկը:
10-12 տարեկանների խմբում պայքարը շատ թեժ էր: Հայաստանի չեմպիոն հռչակվեց Արեգ Ալանյանը, լրացուցիչ մրցապայքարում նա հաղթեց Տիգրան Գևորգյանին: Իսկ բրոնզե մեդալը բաժին հասավ Ջոն Աստաբացյանին:
13-16 տարեկանների մրցապայքարում հաղթեց Խաչատուր Հակոբյանը՝ ՀՊՄՀ հենակետային վարժարանի սան, մարզիչ՝ Նշան Ալավերդյան: 2-րդ փոխչեմպիոն դարձավ Զորիկ Սուքիասյանը (113 դպրոցի սան, մարզիչ՝ Ալբերտ Պողոսյան), իսկ բրոնզե մեդալը բաժին հասավ Հայաստանի աղջիկների չեմպիոն Մարիամ Պետրոսյանին:
Հայաստանի աղջիկների չեմպիոնը և փոխչեմպիոնը իրավունք էին ստացել մասնակցել նաև տղաների մրցույթին և հրաշալի հանդես եկան` զբաղեցնելով տղաների մրցապայքարում 1-ին և 3-րդ տեղերը: