03/11/2018 11:05
2019-ի պետբյուջեով վարչապետի աշխատակազմի համար նախատեսվել է 11 ծրագիր ու 41 միջոցառում. իրականացման համար նախատեսվում է 20 միլիարդ 697 միլիոն դրամ
ՀՀ վարչապետի աշխատակազմը 2018 թվականին իրականացնում է ՀՀ 2018-ի պետական բյուջեով հաստատված 30 ծրագիր, որոնց գծով նախատեսվել է 19 միլիարդ 686 միլիոն դրամ, ՀՀ Ազգային ժողովում 2019 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։
«2018-ի ինն ամսվա կտրվածքով ծախսը կազմել է 11 միլիարդ 321 միլիոն դրամ», - ասաց նա։
Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ կան նաև որոշակի խնայողություններ։
«Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ սա պայմանավորված է դրամաշնորհների առկայությամբ, որոնց սպառման հիմնական մասն ընկնում է տարեվերջին», - ասաց նա։
Էդուարդ Աղաջանյանի խոսքով՝ ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով վարչապետի աշխատակազմի համար նախատեսվել է 11 ծրագիր ու 41 միջոցառում։
«Դրանց իրականացման համար նախատեսվում է 20 միլիարդ 697 միլիոն դրամ», - ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավարը։
Նա ընդգծեց, որ 2019-ի պետական բյուջեով նախատեսված ծրագրերը 2018-ի համեմատ փոխվել են։
«Հանվել է թվով 16 ծրագիր, որը կազմում էր մոտ 8 միլիարդ 466 միլիոն դրամ ու ավելացել են թվով հինգ ծրագիր, որոնց միջոցառումների թիվը կազմում է 25 ու ընդհանուր բյուջեն կազմում է 9 միլիարդ 720 միլիոն դրամ», - ասաց նա։