03/11/2018 12:42
Միայն գրավոր պաշտոնական մերժման հիման վրա Սերժ Սարգսյանի տան հարցը կհամարվի փակված
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից երկու անգամ պաշտոնաթող նախագահին հատկացվելիք տան առաջարկի համար հրաժարվել են՝ անվտանգության նկատառումներից ելնելով, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
«Սերժ Սարգսյանի գրասենյակը երկու անգամ հրաժարվել է: Երկուսն էլ, իրենց բնորոշմամբ, եղել են անվտանգության նկատառումներից ելնելով ու այդ պատճառաբանությամբ, ըստ էության , տուն չի տրամադրվել», - ասաց նա։
Էդուարդ Աղաջանյանի խոսքով՝ օրենքը պետության վրա հստակ, պոզիտիվ պարտականություն է դնում, որպեսզի պաշտոնաթող նախագահին ապահովի բնակարանով:
«Հիմա նույնիսկ եթե Սերժ Սարգսյանը հրաժարվում է բնակարանից, այստեղ օրենքի կարգավորման խնդիր կա», - ասաց Է. Աղաջանյանը:
Նա նշեց, որ միայն գրավոր պաշտոնական մերժման հիման վրա պետությունը կարող է համարել այդ պարտականությունն իրականացված:
«Հակառակ դեպքում, պետությունն, այնուամենայնիվ, ունի պարտավորություն և պետք է որևէ լուծում գտնի հարցի համար, որովհետև խնդիրն այս պահին օրենքի դաշտում է», - ասաց Էդուարդ Աղաջանյանը։
Հիշեցնենք՝ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դուրս է եկել կառավարական ամառանոցից և հանձնել առանձնատան բանալիները: