05/11/2018 09:30
«Լույս» դաշինքը փլուզվեց. «Լուսավոր Հայաստանը» միայնակ է մասնակցելու ընտրություններին
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ միայնակ է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին։
«Լուսավոր Հայաստան Կուսակցությունը իր կազմավորման հիմքում դրել է երկրում համակարգային, անշրջելի վերափոխումների առաքելությունը։ Կուսակցության խորհրդարանական առաջին ընտրություններում Ելք կուսակցությունների դաշինքով մասնակցությունը պատմական և ճակատագրական դարձավ ոչ միայն մեր ժողովրդի նորագույն պատմության, այլև Ելք դաշինքի յուրաքանչյուր կուսակցության համար առանձին-առանձին։
Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը որակապես փոխել է երկրում քաղաքական առաջնայնությունները՝ առաջին անգամ քաղաքական գործընթացների մասնակից յուրաքանչյուր սուբյեկտին շնորհելով հավասար մասնակցային հնարավորություններ։
Լուսավոր Հայաստան Կուսակցությունը, Հանրապետություն Կուսակցության հետ երկար քննարկումների արդյունքում որոշում է կայացրել Ազգային Ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցել Լուսավոր ՀայաստանԿուսակցության ցուցակով՝ սեփական տեսլականով և ծրագրերով։
Լուսավոր Հայաստանն իր ցուցակում կներգրավի նաև ներկայացուցիչներ այլ գաղափարակից քաղաքական ուժերից և ակտիվ քաղաքացիական խմբերից։ Երևանի ավագանու ընտրություններից հետո բարձր գնահատելով «Հանրապետություն» կուսակցության հետ «Լույս» դաշինքով համատեղ անցած ճանապարհը՝ կուսակցությունները կշարունակեն համագործակցությունը Երևանի ավագանիում Լույս խմբակցության շրջանակներում:
Լուսավոր Հայաստան կուսակցությունը շնորհակալություն է հայտնում Ելք դաշինքի իր գործընկերներին՝ անգնահատելի և կարևոր համարելով երկու՝ Հանրապետություն և Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունների հետ երկամյա արտախորհրդարանական և խորհրդարանական բեղուն աշխատանքը։
Հավատում ենք, որ միասնական համատեղ աշխատանքի հզոր ներուժը սպառված չէ, ուստի նրանցից յուրաքանչյուրին մաղթում ենք հաջողություն առաջիկա ընտրություններում՝ ի շահ և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացու», -նշված է կուսակցության հայտարարության մեջ։
Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որի վարչության նախագահն է Էդմոն Մարուքյանը, «Լույս» դաշինքի կազմում մասբակցել էին Երևանի ավագանու ընտրություններին և մտադիր էին այդպես վարվել նաև խորհրդարանական ընտրություններում։ Սակայն խորհրդարան անցելու դաշինքների համար 7% տոկոսանոց շեմը Մարուքյանին ու նրա կուսակցությանը հետ կանգնեցրեց այդ մտքից։
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին։