05/11/2018 11:52
Վաշինգտոնում Ադրբեջանը համոզել է, որ Հայաստանն ունի ֆինանսական միջոցներ ու ցանկանում է Ամերիկայից զենք ձեռք բերել. Սուրեն Սարգսյան
Միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների մասնագետ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանն ու բլոգեր, դիզայներ Սեդրակ Մկրտչյանը բացահայտել են, թե ինչպես է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ազդեցություն ձեռք բերում Վաշինգտոնում։
Aysor.am-ի հետ զրույցում Սուրեն Սարգսյանն ընդգծեց՝ Ալիևի մասնակցությամբ այս բացահայտումը լուրջ սպառնալիք է Հայաստանի համար։
«Վերջին տարիներին, հատկապես, Ադրբեջանի նախագահը բավականին ակտիվ գործունեություն է ծավալում Վաշինգտոնում լոբբիստական աշխատանքներ կազմակերպելու համար, որի հիմնական նպատակն իր ու Ադրբեջանի հեղինակության բարձրացումն է», - նշեց քաղաքագետը։
Սուրեն Սարգսյանի խոսքով՝ սա բավականին ակտիվ ընթացող գործընթաց է ու ադրբեջանցիները մեծ քանակությամբ ֆինանսական միջոցներ են ծախսում, որպեսզի իրենց շահերը Վաշինգտոնում առաջ մղեն։
«Եվ իրենց շահերը Վաշինգտոնում առաջ մղելու կարևոր առաջնահերթություններից մեկը 907-րդ բանաձևի կասեցումն է, ինչի մասին ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Երևանում խոսեց։ Դրա մասին երբեք չէին խոսել պետական բարձրաստիճան պաշտոնյաները, բայց, եթե Բոլթոնը խոսում է, սա նշանակում է, որ ադրբեջանական լոբբինգն արդեն սկսել է իր արդյունքը տալ», - ասաց նա։
Սուրեն Սարգսյանն ընդգծեց՝ Վաշինգտոնում Ադրբեջանը համոզել է, որ Հայաստանն ունի ֆինանսական միջոցներ ու ցանկանում է Ամերիկայից զենք ձեռք բերել։
«Կարծում եմ, որ բավականին էֆեկտիվ են աշխատում ու, իհարկե, նրանց թիրախը հենց Հայաստանն է, այնպես որ՝ այս առումով սա մեր ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ է», - ասաց քաղաքագետը։
Սուրեն Սարգսյանը նշեց, որ ուսումնասիրություններ արել ու հրապարակել էին դեռևս 2015 թվականին։
«Բավականին բարդ է ուսումնասիրություն անելը, որովհետև հիմնականում փորձում են այնպես անել, որ ծախսերը չերևա, բայց ԱՄՆ-ի օրենսդրությունը պարտավորեցնում է որոշ ծախսեր լոբբիստական գործունեության համար հրապարակային լինեն, դրա համար կարողացել ենք գտնել այն հատվածը, որը հրապարակային էր», - ասաց Միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների մասնագետը։
Սուրեն Սարգսյանն ասաց, որ 2015 թվականին կատարված ուսումնասիրությունը փոխանցել են ՀՀ պետական մարմիններին, բայց որևէ արձագանք չեն ստացել։
«Դրա համար չգիտեմ, նույնիսկ, նայել են, թե չեն նայել, իսկ այսօրվա բացահայտումը ուղղակի հրապարակային դրել եմ, եթե հետաքրքրություններ լինեն, լրացուցիչ տեղեկություններ կան, որոնք կարող ենք տրամադրել», - հավելեց Սուրեն Սարգսյանը։
Բացահայտման ինֆոգրաֆիկան