05/11/2018 12:25
Մեր համագործակցության հնարավորությունները սպառված չեն. Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի սեփական ցուցակով, որում ընդգրկված կլինեն նաև քաղաքացիական խմբերից ու այլ կուսակցություններից ներկայացուցիչներ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
«Ցուցակում ընդգրկված կլինեն նաև տարբեր քաղաքացիական խմբերից, տարբեր կուսակցություններից ներկայացուցիչներ, ովքեր ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվեն», - ասաց Է. Մարուքյանը։
Նա նշեց, որ իրենք ու «Հանրապետություն» կուսակցությունը որոշել են առանձին մասնակցել ընտրություններին երկար քննարկումներից հետո։
«Օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին՝ «Հանրապետություն» կուսակցությանն՝ Արամ Սարգսյանի գլխավորությամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մեր համատեղ անցած ճանապարհի համար։ Մենք միասին հիմնադրել ենք «Ելք» դաշինքը, որը ոչ միայն մեր կյանքում բացառիկ նշանակություն ունեցավ, այլև` Հայաստանի քաղաքացիների կյանքում», - ասաց Էդմոն Մարուքյանը։
Նա նշեց, որ անկախ ընտրություններին մասնակցելու ֆորմատից` չի բացառում, որ առաջիկայում հնարավոր է համագործակցություն «Քաղաքացիական պայմանագիր» կամ «Հանրապետություն» կուսակցությունների հետ։
«Մեր համագործակցության հնարավորությունները սպառված չեն», - ամփոփեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահը։