05/11/2018 16:48
Գյումրիում ռուս զինծառայողին սպանելու համար հայ երիտասարդը դատապարտվել է 22 տարվա ազատազրկման
Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող 21-ամյա Դմիտրի Յալպաևի սպանության գործով մեղադրյալ 22-ամյա Արման Ջանջուղազյանը հոկտեմբերի 31-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով դատապարտվել է 22 տարվա ազատազրկման, Aysor.am-ը տեղեկանում է դատարանից։
Սպանությունը տեղի էր ունեցել 2017-ի ապրիլի 22-ին՝ Գյումրիի Դուդկոյի 4 հասցեում գործող «Արգո» խանութի մոտ։ 21-ամյա Դմիտրի Յալպաևի դին իրավապահները հայտնաբերել էին կտրած-ծակած մարմնական վնասվածքներով։
Նախաքննական մարմինը տեղեկացրել էր, որ Արման Ջանջուղազյանն ունի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ։ Մասնավորապես, նշվել էր, որ զինվորական ծառայության ընթացքում՝ 2016 թվականի նոյեմբերին, մի քանի անգամ կատարել է ինքնախեղում, նեղ մասնագիտական հետազոտման նպատակով տեղափոխվել է ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք: Պաշտպանության նախարարի հրամանով 2017 թվականի մարտին նա զորացրվել էր:
Դատական նիստերի ընթացքում Ջանջուղազյանը հայտարարել է, որ ինքը առողջ է, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ չունի։
Դատարանի վճռով 20 տարվա ազատազրկման նա դատապարտվել է սպանության համար, իսկ 2 տարվա ազատազրկման՝ սառը ապօրինի զենք պահելու համար։
Նկատենք, որ Ջանջուղազյանն իրեն հայտարարել էր իսլամի հետևորդ, սակայն դատարանում այդ մասով հրաժարվել է ցուցմունքներ տալ։