05/11/2018 14:43
10-ակի Գրեմմի դափնեկիր Արթուրո Սանդովալի ելույթով կմեկնարկի Yerevan Jazz Fest 2018-ը
Ջազի հայկական ասոցիացիան և «Մեցցո Պրոդաքշնը» ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 7-20-ը կանցկացնեն ամենամյա միջազգային ջազ փառատոն՝ Yerevan Jazz Fest 2018-ը: 2018 թվականին լրանում է Հայաստանի պետական ջազ նվագախմբի հիմնադրման 80-ամյակը: Այդ իսկ առիթով Yerevan Jazz Fest 2018-ը նվիրված է նվագախմբի հիմնադիր, դիրիժոր Արտեմի Այվազյանին:
Այս տարի Yerevan Jazz Fest-ն էլ ավելի է մեծացրել իր աշխարհագրությունը՝ համերգներ կազմակերպելով նաև Շուշիում ու Գյումրիում:
Yerevan Jazz Fest 2018-ը կմեկնարկի նոյեմբերի 7-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում 10-ակի Գրեմմի դափնեկիր, շեփորահար Արթուրո Սանդովալի և Հայաստանի պետական ջազ նվագախմբի համատեղ համերգով:
Փառատոնի երկրորդ օրը՝ նոյեմբերի 11-ին, Yerevan Jazz Fest 2018-ը կուղևորվի Շուշի, որտեղ կկայանա Սերգեյ Մանուկյանի և Արցախի պետական ջազ նվագախմբի համատեղ համերգը (գեղարվեստական ղեկավար՝ Տիգրան Լալայան):
Նոյեմբերի 13-ին Սերգեյ Մանուկյանի, Ռաֆայել Պետրոսյան քառյակի ու Կարեն Գրիգորյան քառյակի մասնակցությամբ համերգ կանցկացվի Գյումրիի Վ. Աճեմյանի անվան թատրոնում:
2018-ին Ջազի հայկական ասոցիացիան, «Մեցցո Պրոդաքշնը» և «Արարատ» լեգենդար կոնյակը կներկայացնեն նոր ձևաչափի համերգ, որը կկայանա նոյեմբերի 19-ին «Դվին» հյուրանոցի նորաբաց շքեղ սրահում՝ հանրահայտ Չայնա Մոսեսի և Հայաստանի պետական ջազ նվագախմբի մասնակցությամբ:
Փառատոնի շրջանակում մեծ և հաճելի անակնկալ է սպասվում Հայաստանի պետական ջազ նվագախմբին ու հայ հանդիսատեսին:
Նոյեմբերի 20-ին՝ փառատոնի փակման գալա համերգին, «Արամ Խաչատրան» համերգասրահում համատեղ համերգով հանդես կգան Հայաստանի պետական ջազ նվագախումբը և Օլեգ Լունդստրեմի անվան ջազ նվագախումբը՝ Բորիս Ֆրումկինի ղեկավարությամբ: