05/11/2018 13:58
«Մերկ թագավորը». ներկայացման առաջնախաղը՝ Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ այսօր ժամը 18:30-ին Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի կունենա «Հույսի կամուրջ» ՀԿ ներառական թատերախմբի «Մերկ թագավորը» ներկայացման առաջնախաղը:
Թատերախումբը հանդիսատեսին կներկայացնի Եվգենի Շվարցի «Մերկ թագավորը» պիեսի բեմադրությունը` ստեղծված Հանս Քրիստիան Անդերսենի համանուն հեքիաթի հիման վրա:
Հեքիաթի մատուցման թատերգական ձևը հնարավորություն է տալիս բեմական վիճակների, վառ կերպարների, սուր երկխոսությունների և արագ գործողությունների միջոցով հանդիսատեսին ներկայացնել պիեսի բովանդակությունն ու փիլիսոփայությունը:
«Հույսի կամուրջ» ՀԿ ներառական թատերախմբի ղեկավարը Հասմիկ Խաչերյանն է: Ներկայացման բեմադրող ռեժիսորն է Լևոն Իվանյանը, զգեստները՝ Մարինա Աթաբեկյանի, բեմի ձևավորումը՝ Ռազմիկ Այվազյանի, երաժշտական ձևավորումը՝ Հակոբ Կարապետյանի:
Ներկայացումը բեմադրվել է «Ապրել միասին, սովորել միասին» ծրագրի շրջանակում՝ «Հույսի կամուրջ» և դանիական «Առաքելություն Արևելք» կազմակերպությունների համագործակցությամբ:
Մուտքն ազատ է:
Տեղեկացնենք նաև, որ «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության ներառական թատերախումբը գործում է 1997 թվականից և ավելի քան երկու տասնամյակ դրական վերաբերմունք է ձևավորում հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ և խթանում նրանց սոցիալական ներառումը: Մինչ օրս թատերախումբը բեմականացրել է 25 ներկայացում և ավելի քան 250 ելույթներով հանդես է եկել Երևանում և ՀՀ մարզերում, ինչպես նաև հյուրախաղերով՝ Թբիլիսիում և Ստամբուլում: