06/11/2018 12:05
Այսուհետ սեփականատերերը պարտավորված կլինեն ֆինանսավորել իրենց գնած տարածքի պետական հուշարձանի վերակառուցումը. Արթուր Մեսչյան
Պաշտոնապես հայտարարում եմ՝ «Հին Երևան» ծրագրի մեջ ոչ մի հուշարձան չի քանդվելու, դա վերաբերում է և՛ Արամի 23 հասցեին, և՛ այդ տարածքում գտնվող բոլոր մյուս հուշարձաններին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:
«Որպեսզի այդ շենքերը պահպանվեն, ուղղակի անհրաժեշտ է փոխել նախագծային որոշակի լուծումներ: Ճարտարապետի հետ ես արդեն պայմանավորվել եմ: Պատմական հուշարձանների քանդման թեման եկեք համարենք սպառված: Քանի դեռ ես գլխավոր ճարտարապետ եմ, Երևանում այլևս ոչ մի հուշարձան չի քանդվելու», - ընդգծեց Ա. Մեսչյանը:
Այուսուհետ այն սեփականատերերը, կառուցապատողները, որոնք կգնեն որոշակի հողատարածք, որտեղ կգտնվի որևիցե հուշարձան, պարտավորված կլինեն ֆինանսավորել տվյալ հուշարձանի վերակառուցման աշխատանքները: Դա պարտադիր պայման է լինելու:
Ինչ վերաբերում է ժամանակին կատարված հողահատկացումներին ու վաճառված տարածքներն, Երևանի գլխավոր ճարտարապետը ցավով նկատեց՝ գրեթե անհնար է սեփականատերերին արգելել իրենց գնած հողատարածքների մեջ ոչ մի շինարարություն չանել: Ինչպես ասում են՝ գնացքն արդեն գնացել է, ու ներկայիս գլխավոր ճարտարապետի ձեռքում, իր իսկ խոսքով, նախորդների վաճառած տարածքների նկատմամբ իրավասություններ չկան:
«Հավատացեք, ես շատ կցանկանայի, որ և՛ Թումանյան 26 շենքի բակում նորակառույց չլիներ, և՛ մյուս տարածքներում: Բայց պետք է գտնել այն բալանսը, որի դեպքում հա՛մ բնակիչները չեն տուժի, հա՛մ քաղաքն ինչ-որ բան ստանա, հա՛մ կառուցապատողն ինչ-որ չափով մեծագույն վնասներ չկրի: Ի վերջո, բոլորս էլ գիտենք, թե կենտրոնում տարածքներն ինչ թանկ են: Այս ամենի համար կա լուծում, մենք էլ աշխատում ենք այդ ուղղությամբ: Հանդիպել եմ կառուցապատողի, ճարտարապետի հետ: Խնդրեցի ճարտարապետին փոփոխություններ կատարել նախագծում, ու, փառք Աստծո, մինչ այսօր ոչ մի ճարտարապետ ինձ չի ասել, որ դա հնարավոր չի: Կարծում եմ՝ այս հարաբերությունները կհանգեցնեն նրան, որ շինարարությունը կկատարվի, բայց առավել տրամաբանական սահմաններում», - նշեց նա:
Գլխավոր ճարտարապետը հրահագնել է Երևանի կենտրոնում նախկինում գնված տարածքների շինարարությունները, ծրագրերը դադարեցնել, մինչև բոլոր սեփականատերերի ու ճարտարապետների հետ հարցի լուծման համապատասխան տարբերակ կգտնեն:
«Կարծում եմ՝ հնարավորին չափով կպակասեցնեմ այն ցավը, որն այսօր տանջում է բնակիչներին, ու դրանից ինչ-որ չափով կշահի մայրաքաղաքը: Ցանկացած կառուցապատող պետք է կարողանա ինչ-որ բան տալ բնակչին, և ոչ թե մոտենա այդ հարցին զուտ որպես բիզնես», - ընդգծեց Արթուր Մեսչյանը: