06/11/2018 11:01
Երևանը փորձում է պահպանել դիվանագիտական մանևրումը Իրանի և ԱՄՆ-ի հետ հարաբերություններում
Հայաստանի հարաբերությունները որևէ երկրի հետ չեն զարգանում երրորդ երկրների հետ հարաբերությունների հաշվին, այսօր խորհրդարանում 2019-ի բյուջեի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը:
«Մենք փոխգործակցությունը Իրանի հետ չենք իրականացնում ԱՄՆ-ի հետ մեր գործընկերության հաշվին: Դա պահանջում է բավականին մեծ կենտրոնացում՝ դիվանագիտական, քաղաքական, նաև տնտեսական փոխգործակցության տեսանկյունից, մանավանդ, երբ ուժի մեջ են միջազգային պատժամիջոցները»,- նշեց նա:
Կ.Նազարյանի խոսքով, շատ էական է դիվանագիտական մանևրումը, որն իրականացնում է Հայաստանը:
«Մինչ օրս դա հաջողվել է: Հուսամ, որ բովանդակային և թափանցիկ քննարկումների միջոցով մեզ հնարավորություն կընձեռվի պահպանել այդ կարևորագույն հավասարակշռումը, երբ խոսքը վերաբերվում է Հայաստան-Իրան, և Հայաստանի ու մյուս գործընկերների հետ հարաբերությունների զարգացմանը»,- նշեց դիվանագետը: