06/11/2018 15:55
Դավիթ Տոնոյանը հերքում է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման պաշտոնական առաջարկ կամ խոսակցություն չկա
Նշենք, որ Ադրբեջանում պահվում է ՀՀ 3 քաղաքացի՝ Արսեն Բաղդասարյանը, Կարեն Ղազարյանը և Զավեն Կարապետյանը։
Հայկական կողում ևս Ադրբեջանի 3 քաղաքացի կա։ Երկուսը՝ ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը, 2014թ. հուլիսին ԼՂՀ պետական սահմանն ապօրինի հատելու, լրտեսության, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու և սպանության համար նույն տարվա դեկտեմբերի 29-ին ԼՂՀ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել են համապատասխանաբար ցմահ և 22 տարվա ազատազրկման:
Ադրբեջանի 3-րդ քաղաքացին զինծառայող Էլնուր Հուսեյնզադեն է, ով 2017թ. փետրվարին գերեվարվել է Պաշտպանության բանակի կողմից՝ ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն ներթափանցման փորձը կասեցնելու ընթացքում։
Ավելի վաղ Aysor.am-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն ասել էր, որ հանցագործություն, ահաբեկչություն կատարած ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին ու Շահբազ Գուլիևին ո՛չ բարոյապես, ո՛չ իրավական տեսանկյունից չի կարելի նույն հարթության մեջ դիտարկել պատահաբար Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացիների հետ: