06/11/2018 13:17
Ես չեմ քայլել, բայց վերաբերմունք ցույց եմ տվել. Ֆելիքս Ցոլակյանը իշխանական ուժի կողմից կառաջադրվի Շիրակի մարզում
Արտակարգ իրավիճակների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը հաստատում է խորհրդարանական արտահերթ ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով մասնակցելու մասին լուրերը։ Ավելին, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Ցոլակյանը հայտարարեց, որ պատրաստվում է ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել հարազատ Շիրակի մարզում։
Հարցին՝ դժվա՞ր էր իր համար նման որոշում կայացնելը, Ցոլակյանը պատասխանեց. «Որ ասեմ դժվար էր, ի՞նչ կփոխվի դրանից։ Առաջարկություն է եղել, համաձայնել եմ»։
Լրագրողների խնդրանքով արձագանքելով ՔՊ անդամների այն դիտարկումներին, թե իրենց ցուցակում դնգրկվում են նրանք, ովքեր աջակցել են հեղափոխությանը, Ցոլակյանը նկատեց. «Ես որևէ մեկին աջակցելու խնդիր չեմ ունեցել։ Ես չեմ քայլել, ճանապարհ չեմ փակել, իմ աջակցությունը կայացել է քվեարկության ժամանակ՝ Ազգային ժողովում իմ վերաբերմունքը ցույց տալով։ Դրանից հետո ես հայտարարել եմ, որ պատրաստ եմ աջակցել իշխանություններին և հիմա իմ աջակցությունը հայտնում եմ՝ ընտրություններում առաջադրվելով»։
Նա հիշեցրեց, որ երբևէ կուսակցական չի եղել, Հանրապետական կուսակցության անդամ չի եղել, բայց եղել է իշխանության մեջ իր աշխատելու շնորհիվ։
«Հիմա իրավիճակ է փոխվել ու դրա հետ կապված, ես առաջարկում եմ իմ օգնությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Ես երբևէ կուսակցական չեմ եղել ու չեմ լինելու», - հայտարարեց Ցոլակյանը։
Դիտարկմանը, թե եթե իր առաջ խնդիր դրվի անդամակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, Ցոլակյանը արձագանքեց. «Ես երբեք չեմ անդամակցի որևէ կուսակցության»։